Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 19:31
Հասարակություն

Մխիթարյան միաբանության թանգարանում 5000-ամյա սուր է հայտնաբերվել

Մխիթարյան միաբանության թանգարանում 5000-ամյա սուր է հայտնաբերվել

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում տեղակայված հայկական վանական միաբանության թանգարանում մերձավորարևելյան զենքի մասնագետ Վիտորիա Դալ՛Արմելինան հայտնաբերել է ոչ մեծ սուր, որի հետագա ուսումնասիրությունը փաստում է՝ այն մոտ 5000 տարեկան է. տեղեկացնում է yerkir.am-ը՝ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի կայքին հղումով:

Վիտորիան հայտնագործությունը պատահաբար է արել՝ որպես սովորական այցելու լինելով Մխիթարյան միաբանության թանգարանում: Նրա ուշադրությունը գրավել է փոքր սուրը, որը ցուցադրված է եղել միջնադարյան առարկաների ցուցափեղկում: Այն մասնագետին հիշեցրել է հնագույն սրերը, որոնք ավելի վաղ եղել էին նրա ուսումնասիրության առարկան: Մասնավորապես՝ սուրը նման է Արևելյան Անատոլիայում՝ Արսլանթեփեի (Փոքր Հայք, Մալաթիա) թագավորական պալատում հայտնաբերված սրերին:

Մխիթարյան միաբանության թանգարանում պահվող սուրը երբեք ուսումնասիրված չէր եղել: Դալ՛Արմելինան սրի գիտական հետազոտություն իրականացնելու թույլտվություն է ստացել, որը հաստատել է նրա վարկածը՝ սուրը աշխարհի ամենահին սրերից է՝ պատրաստվել է մոտավորապես մ.թ.ա. 3000 թվականին:

Հասկանալու համար, թե ինչպես է այն հայտնվել Վենետիկում և ինչ կապ ունի հայ հոգևորականության հետ, հետազոտողները ուսումնասիրել են թանգարանի արխիվն ու պարզել, որ սուրը Վենետիկ է բերվել 19-րդ դարի երկրորդ կեսին Տրապիզոնից: Այն և մի շարք այլ իրեր միաբանությանը, ավելի ճիշտ՝ Ղևոնդ Ալիշանին է նվիրել հնությունների վաճառքով ու հավաքմամբ զբաղվող Երվանդ Խորասանջյանը: Կից նամակում գրված է եղել, որ բոլոր իրերը հայտնաբերվել են Տրապիզոնի մոտ գտնվող Կավակ բնակավայրում:

Սրի քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ այն պատրաստված է, այսպես կոչված, արսենային բրոնզից, որը կիրառվել է պղնձի ու անագի համաձուլվածք բրոնզի ի հայտ գալուց առաջ: Վերջին հետազոտությունների համաձայն՝ սրի նման տեսակը տարածված է եղել Արևելյան Անատոլիայի ոչ մեծ հատվածում՝ Եփրատի վերին հատվածում և Սև ծովի հարավային ափին: Միկրոտարրերի ուսումնասիրությունը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ ասելու, թե որտեղից է զենքի մետաղը:

Ի տարբերություն Արսլանթեփեի սրերի, նոր հայտնաբերված սուրը չունի զարդարանքներ, գրառումներ ու այլ առանձնահատկություններ: Այն, հավանորեն, իսկական զենք է, որը կիրառվել է մարտերում: Չի բացառվում, որ պատրաստված է եղել ինչ-որ ազդեցիկ մարդու հուղարկավորության համար: Համենյան դեպս, սրի իրական պատմությունը դեռ հայտնի չէ: