կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 17:56
Աշխարհ

Քայլող տեղեկատվական ռումբ. Նազարբաևի՝ Մեծ Բրիտանիայից ապաստան խնդրած թոռը սպառնում է բացահայտել ռուս-ղազախական կոռուպցիոն սխեմաներ

Քայլող տեղեկատվական ռումբ. Նազարբաևի՝  Մեծ Բրիտանիայից ապաստան խնդրած թոռը սպառնում է բացահայտել ռուս-ղազախական կոռուպցիոն սխեմաներ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ 29-ամյա Այսուլթան Նազարբաևը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Նա պնդում է, որ տիրապետում է տեղեկությունների Ռուսաստանի ու Ղազախստանի կառավարությունների միջև խոշորամասշտաբ կոռուպցիայի, ժողովրդից խլված միլիարդավոր դոլարների մասին: Այսուլթանը նաև իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հարցազրույց է տալու The Times թերթին՝ ներկայացնելով կոռուպցիոն սխեմաների բոլոր մանրամասները: Թե ի՞նչ հետևանքներ կունենան Նազարբաև կրտսերի հայտարարությունները Ռուսաստանի և Ղազախստանի համար, ըստ Yerkir.am-ի, վերլուծում է «Վզգլյադ» պարբերականը:

Սրանք Այսուլթանի առաջին բարձրագոչ հայտարարությունները չեն: Հունվարի վերջին նա գանգատվում էր, որ իրեն ցանկանում են սպանել: Նա պատմել էր, որ գտնվում է անգլիական հիվանդանոցում, եղել է բանտում ու խնդիրներ է ունեցել հարազատների հետ:

Այսուլթանը Դարիգա Նազարբաևայի՝ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր և գործարար Ռահաթ Ալիևի (ամուսնալուծվել են 2008-ին) որդին է: Ավարտել է  Սանդհերսթի թագավորական ռազմական ակադեմիան (այդտեղ են սովորել Ուինսթոն Չերչիլը, արքայազներ Ուիլյամը և Հարին) և 2012-2013 թվականներին եղել է Ղազախստանի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության հաստիքացուցակում:

Պատանեկությունն անցկացրել է Ավստրիայում, որտեղ հայրը՝ գործարար Ռահատ Ալիևը, դեսպան էր: : Սակայն հայրը 2015-ին մահանում է ավստրիական բանտում, որտեղ էր ղազախական «Նուրբանկ»-ի երկու թոփ մենեջերների սպանության մեղադրանքով: Ղազախստանում նրան մեղադրում էին իշխանությունը զավթելու փորձի, հանցավոր խումբ կազմակերպելու մեջ և հեռակա կարգով դատապարտել էին 20 տարվա ազատազրկման: Ղազախստանը երկու անգամ Ավստրիայից պահանջել էր արտահանձնել Ալիևին, սակայն մերժում էր ստացել:

Այսուլթանի խոսքով՝ հոր «սպանությունից» հետո մայրը, որը ներկայումս Ղազախստանի Սենատի խոսնակն է, «անդրկուլիսյան պատերազմ էր սկսել» գործարար և իր նախկին աներ Կայրաթ Բորանբաևի դեմ: Պատճառը գազային պայմանագիրն էր, որով «ռուսական «Գազպրոմ»-ին կոպեկներով ղազախական գազ է վաճառվում»:  Ըստ նրա՝ մայրը և խորթ հայրը՝ Կայրաթ Շարիպբաևը, ցանկանում էին իրենցով անել այդ պայմանագիրը, մինչդեռ Այսուլթանն աներոջ կողմն էր անցել ու «այդպիսով՝ իրեն դրել հարվածի տակ»:

Հայտնի է, որ անցյալ տարվա հունիսին Այսուլթան Նազարբաևը Լոնդոնի հյուրանոցներից մեկում մեծ իրարանցում էր առաջացրել. սպառնացել էր պաշտգամբից իրենց ցած նետել: Մի քանի օր անց նույնը կրկնել էր Լոնդոնի բնակարաններից մեկում: Հարևանները, կարծելով, թե ահաբեկչական կարգախոսներ է հնչեցնում, ոստիկանություն էին կանչել: Այսուլթանն էր կծել էր ոստիկանին, որը փորձել էր նրան հետ պահել ինքնասպանությունից: Դրա համար Նազարբաևի թոռը դատապարտվել էր 1 տարի պայմանական ազատզրկման, 140 ժամ հասարական աշխատանքների, տուգանքի: Նա նաև պարտավորվել էր  մի քանի հազար ֆունտ ստերլինգ փոխհատուցում վճարել ոստիկանին և բուժվել նարկոկախվածությունից:

2015-ի աշնանը Նուրսուլթան Նազարբաևը Այսուլթանին կանչել էր իր մոտ: Թոռան պատմածով՝ պապի հետ զրույցն անցել էր «հայհոյանքներով ու բղավոցներով»: «Ես փորձեցի նրան բացատրել, որ իր ստեղծած համակարգում ինքը կարող է կորցնել ամեն ինչ, եթե շարունակի թույլ տալ ընտանիքին ու շրջապատին՝ միմյանցից տարբեր բիզնեսներ խլել: Ես ասացի, որ ագահությունը և անկշտությունը կկործանեն բոլորիս»,- գրում է Այսուլթանը: Արդյունքում՝ Դարիգա Նազարբաևան փոխվարչապետի պաշտոնից տեղափոխվեց Սենատ, իսկ Կայրաթ Շարիպբաևը, որը «Կազտրանսգազ»-ի նախագահն էր, «աքսորվեց» ընկերության դիտորդական խորհուրդ:

Ղազախ քաղաքագետ Դոսըմ Սապտաևը «Վզգլյադ»-ի հետ զրույցում նշել է, որ Նազարբաևների ընտանիքում մշտապես լուրջ կոնֆլիկտներ են եղել, այս մեկը կապված է Ռահաթ Ալիևի հետ, և նրա որդին ակտիվորեն առաջ է տանում վարկածը, որ հորը սպանել են: «Այսուլթան Նազարբաևն ամենուր ընդգծում է իր դժգոհությունը, որ հորը մերժել են, նրա մասին մոռացել են: Նա դժգոհ է մորից ու, ընդհանուր առմամբ, Նազարբաևի շրջապատից»,- նշել է Սապտաևը:

Ըստ նրա՝ իշխանություններից մարդիկ դժգոհում են ցածր կենսամակարդակի համար, և նրանց չվստահելու ցուցիչներից մեկն էլ այն է, որ քչերն են հավատում տեղեկատվության պաշտոնական աղբյուրներին ու նախընտրում են ասեկոսեները, սոցցանցերում տարածվող լուրերը: «Հնարավոր է՝ Այսուլթանը նոր հետաքրքիր մանրամասների է տիրապետում, բայց նա խոսում է ընդհանուր բաների մասին, որոնք առանց նրա էլ հայտնի էին: Ղազախստանում կոռուպցիայի մասին բոլորը գիտեն»,- ասել է քաղաքագետը:

Ալմաթիի հասարակական խորհրդի անդամ Մարատ Շիբուտովի կարծիքով՝ Նազարբաևի թոռը «հոգեկան և առողջական խնդիրներ ունի»: «Այդ վիճակում ցնորային գրառումներ է անում: Ես նրան չէի հավատա: Նա արդեն խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործում»,- նշել է նա:

Մինչդեռ քաղաքագետ Թալգաթ Մամըրայըմովը նշում է, որ Նազարբաև կրտսերի խոսքերը մեծ արձագանք են գտել հասարակության շրջանում: «Մարդիկ քննարկում էին, նրա ասածները միմյանց ուղարկում: Այսուլթան Նազարբաևը քայլող տեղեկատվական ռումբ է: Նա կարող է վարկաբեկող շատ նյութեր ունենալ, համենայն դեպս, ինչ-որ բաներ իմացել է իր ընտանիքի ֆինանսա-տնտեսական գործողությունների մասին: Այդ պատճառով պետք է սպասել նրա հետագա հրապարակումներին»,- հավելել է նա:

Ղազախստանի իշխանությունները դեռևս զուսպ են արձագանքում Այսուլթան Նազարբաևի հայտարարություններին՝ փորձելով ներկայացնել, թե գործ ունեն թմրանյութերից կախում ունեցող, հիվանդ մարդու հետ, որին որոշակի մարդիկ մանիպուլյացիայի են ենթարկում: