Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ու Ռուսաստանի միջև «սեթևեթանքի» ֆոնին՝ ԱՄՆ-ը որոշել է ուժեղացնել իր ներկայությունը Հունաստանում, որն Անկարայի ավանդական հակառակորդն է տարածաշրջանում. ըստ yerkir.am-ի՝ գրում է գերմանական Handelsblatt թերթը:
«Թուրքիայի նախագահը թուրքական բանակը զինում է ռուսաստանյան զենիթահրթիռային համալիրներով՝ այդպիսով թուլացնելով ՆԱՏՕ-ն: Եվ որքան Էրդողանը հեռանում է Արևմուտքից, այնքան ամերիկացիների համար կարևոր է դառնում Հունաստանը»,- նշում է թերթը՝ ընդգծելով, որ ամերիկացիներն Արևելյան Միջերկրականում հույներին «վերահավաքագրում են՝ որպես անվտանգության ոլորտի գործընկերներ» ու մեծացնում ռազմական ներկայությունը Հունաստանում:
Տարածաշրջանում «կայունության և անվտանգության հենարան»՝ այսպես է կոչել Հունաստանը ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպեոն Աթենք իր վերջին այցի ժամանակ: «Մեր հարաբերությունները դեռ երբեք այսքան ամուր չեն եղել, ինչպես հիմա»,- փաստել է նա:
Ըստ գերմանական թերթի՝ Հունաստանում ուրախ են ամերիկացիների ներկայությունից: Իսրայելամետ Jewish Institute for National Security of America գիտահետազոտական ինստիտուտի փորձագետների համաձայն՝ հույների գերակշիռ մասն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի հետ ամուր հարաբերությունները Հունաստանի անվտանգության հիմքն են: «Մինչ Էրդողանի ղեկավարած Թուրքիան ՆԱՏՕ-ի հուսալի դեմոկրատական գործընկերոջից վերածվում է Արևմուտքի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռուսամետ ավտոկրատիայի, Հունաստանն ավելի ու ավելի է դառնում ամերիկամետ խաղացող»,- նշում են ինստիտուտի փորձագետները:
Գերմանական թերթը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ հունական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ փոխադարձ համագործակցության մասին համաձայնագիրը: Հենց այդ պայմանագիրն էլ հնարավոր կդարձնի ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացումը Հունաստանում. ամերիկացիները մասնավորապես կարող են ընդլայնել իրենց ռազմակայանները Կրետեում: Բացի դրանից՝ ԱՄՆ-ը մուտք կունենա Լարիսա և Ստեֆանովիկիո ռազմաօդային բազաները, նաև կօգտվի Ալեքսանդրուպոլիս նավահանգստից, որը կարող է դառնալ ԱՄՆ նավատորմի նոր հենարան Միջերկրական ծովում և համակարգող կենտրոն Բալկաններում ու Արևելյան Եվրոպայում գործողությունների համար:
«Ընդ որում՝ ամերիկացիներին Ալեքսանդրուպոլիս են բերել ոչ միայն ռազմական շահերը: Հունական Gastrade ընկերությունը ծրագրում է հեղուկացված բնական գազի նոր տերմինալ կառուցել այնտեղ: Հիմնավորվելով Ալեքսանդրուպոլիսում՝ ԱՄՆ-ը՝ որպես աշխարհում հեղուկացված գազի խոշորագույն արտահանող, կարող է, տեսականորեն, դուրս մղել Ռուսաստանին, որը Բալկանյան երկրներին գազով ապահովող՝ դեռևս կարևորագույն մատակարարն է»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի խոսքով՝ շնորհիվ այդ տերմինալի, Հունաստանը կդառնա տարածաշրջանային էներգետիկ կենտրոն և Եվրոպայի երաշխավոր մատակարարումների ու դիվերսիֆիկացման հարցում: