Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պարզվում է՝ երբ ՀՅԴ կուսակցության մեջ որևէ մի անդամի կամ ուսանողի ընդգրկում են կուսակցության բազմաթիվ կարևորագույն հանձնախմբերում, խորհրդաժողովների պատվիրակության կազմում, կուսակցության միջոցներով ուղարկում Եվրոպա՝ վերապատրաստումների, վճարովի աշխատանքի տեղավորում կուսակցապատկան և այլ պատվաբեր ու կարևոր գրասենյակներում, ապա այդ ամենը բնավ ապացույց չէ այն բանի, որ կուսակցությունն արժևորել է տվյալ ուսանողների կարծիքը և ամեն կերպ տեղ տվել նրանց սեփական հարկի տակ:
Ճիշտ հակառակը՝ դա նշանակում է, որ կուսակցությունը օր ու արև չի տվել ուսանողներին, ճնշել ու «մեկ անձի մահակի քաղաքականություն է վարել» տվյալ ուսանողների նկատմամբ՝ մոտավորապես այս տրամաբանությունն էր գերակայում այսօրվա ասուլիսին, որը հրավիրել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից արտաքսված, հեռացված, կախակայված ու մեկուսացված անդամները:
Ավելին, ՀՅԴ Կանոնագրին չենթարկված և սեփական կուսակցության դեմ դավադրությունների մասնակից դարձած նախկին ՆԱՈՒՄ-ական Անուշ Հովհաննիսյանը, առանց այլևայլության, կուսակցության բարիքներից այդպես առատորեն օգտվելու իրողությունը բացատրեց սեփական խելքի բացարձակ առկայությամբ: Փաստորեն՝ կուսակցությունը ոչ թե պետք է պատժեր, այլ ողջ կազմակերպական կառույցով պետք է շնորհակալություն հայտներ այդ նազանի և գեղանի օրիորդին, ով բարեհաճել է իր այդպիսի խելքով անդամակցել ՀՅԴ-ին:
Ի դեպ՝ Անուշ Հովհաննիսյանն այդպես էլ խուսափեց և չպատասխանեց այն հարցին, թե կուսակցության գրեթե ամեն օղակում ընդգրկվելու և ամեն բարիքից այդչափ օգտվելու պայմաններում որտե՞ղ է, այդ դեպքում, կուսակցությունը իրեն ենթարկել բռնաճնշումների կամ անտեսել իրենց ձայնը:
Ի դեպ՝ իրենք իրենց «ՀՅԴ բիրտ քաղաքականության» զոհեր հայտարարած, կուսակցության շենքերից վտարված և «գարաժներում սեփական իրավունքների համար նամակներ պատրաստած» ուսանողներն արդեն վարձակալում, ավելին, «coffee break»-ներ են կազմակերպում լրագրողների համար, ոչ ավել, ոչ պակաս, «Դայմոնդ» շքեղ հյուրանոցի կոնֆերենց դահլիճում: Թե ումն է այդ հյուրանոցը՝ բոլորը գիտեն, վերջին իրադարձություններից ելնելով՝ գիտեն նաև, թե անուղղակի կամ ուղղակի ում ձեռքերն են երևում այս կրկեսի հետևում:
Կուսակցությանը հրապարակային կերպով քննադատելը (ինչը ՀՅԴ Կանոնագրով համարվում է պատժելի արարք), տարբեր հեռուստաընկերությունների եթերներից կուսակցության դեմ պայքար ծավալելը ևս, ըստ կուսակցությունից արտաքսվածների, «արվում է հանուն ՀՅԴ-ի»: Այսպես են կարծում ՆԱՈւՄ նախկին անդամները, ովքեր իրենց հռչակել են «ՆԱՈՒՄ-ի ընկերներ»:
Ի դեպ, ՆԱՈՒՄ-ից մեզ տեղեկացրին, որ Արտակ Մելիքյանը 2012 թ. անցնելով շարքերը՝ 2014 թ. հրաժարվել է կուսակցությունից: Հրաժարման պատճառը՝ ուսման վարձավճարը ՆԱՈՒՄ-ից կորզել չկարողանալն է եղել: Արտակ Մելիքյանը զղջումագրով կրկին ՀՅԴ (ՆԱՈՒՄ-ի) շարքերն է անցել 2016 թ.-ին՝ այն ժամանակ, երբ արդեն ՀՅԴ-ն կոալիցիայի մաս էր կազմել, իսկ Ա. Մելիքյանը կուսակցության միջնորդությամբ հնարավորություն է ունեցել աշխատանքի անցնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում:
Նույնկերպ, կուսակցության դեմ մանր դավադրությանը մասնակցած մեկ այլ արտաքսված՝ Վանիկ Չալոյանը, կուսակցությունից հրաժարվել է 2013 թ.-ին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում ՆԱՈՒՄ-ի թեկնածուի փոխարեն ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու և ուսանողական միության դիրքորոշումն այս հարցում ոտնահարելու համար: Նա ևս զղջումնագրով վերականգնվել է կուսակցության կամ ՆԱՈՒՄ-ի շարքերը 2016 թ., երբ կուսակցությունը կոալիցիա է կազմել իշխանությունների հետ, և հնարավորություն կար օգտվելու իշխանական բարիքներից:
Նման վարքագիծ (կուսակցությունից հրաժարվելու և կոալիցիա կազմելու պահին՝ զղջումնագրով վերստին վերականգնվելու) են դրսևորել նաև ներկայումս արտաքսված և մանր դավադրության գործիքի վերածված այլ անդամներ ևս:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ գործ ունենք ոչ թե «ՀՅԴ փրկիչների» կամ «ՆԱՈՒՄ-ի ընկերների», այլ՝ կուսակցության բարիքներից լայնորեն օգտված և այդ նույն ընտանիքում "տրոյական ձիու" դեր ստանձնած մի քանի փոքրոգի արկածախնդիրների հետ, ովքեր վերստին ներթափանցել են կուսակցության շարքեր ու մինչ օրս այնտեղ գոյատևել ՀՅԴ բարձրագույն մարմինների մեծահոգության և շատ հարցերում աչք փակելու, որպես երիտասարդների՝ ընդառաջելու հետևանքով: