Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Որ ընտանիքս մրսի ծառ էլ կկտրեմ, մի բան էլ ավելին: Հետևը թուրքն ա, առաջը Սևանա լիճը, հետ գնանք, կսպանեն, առաջ գնանք, կթրջվենք, կրակի մեջ ենք»,-Yerkir.am-ին ասաց Վարդենիսի շրջանի Փամբակ գյուղի բնակիչներից մեկը:
Շուրջ երկու տարի է՝ Գեղարքունիքի մի շարք գյուղերի բնակիչներ, օրինակ, Ջիլի, Ծափաթաղի, Փամբակի, Դարանակի, Արեգունու, Գեղամասարի՝ ձմռանը կանգնում են ջեռուցման լուրջ խնդրի առջև:
Տարածքը բնակեցված է 1988 թ-ին Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայերով, արդեն երեք տասնամյակ (բռնագաղթից հետո) ձմռանն իրենց տները մարդիկ ջեռուցում են փայտով, որովհետև գազամուղ չկա: Բայց արդեն երկրորդ տարին է՝ արգելված է որևէ տեսակի ծառ կտրել:
Փամբակի բնակիչը վրդովված պատմեց, որ իրենց վերջին հույսը Տավուշի մարզից բերվող փայտն է եղել, բայց հիմա, վարչապետի ցուցումով, դա էլ է արգելվել և իրենք հայտնվել են անելանելի վիճակում.
«Ախպեր, իրանց էրեվանների ջակուզիներում թինկը տված` մեր համար օրենք են գրում, մի դրանիցից մեկին կանչի, գա գյուղ, տենամ կարա՞ առանց վառելիքի գոնե մի օր մնա, թե՞ մեծ-մեծ փրթելն ըտեղ մոդա ա: Ես ընդունում եմ, որ ծառը, բնությունը լավ բան ա, բայց մարդ ենք, չէ՞, մսից ու արունից ենք, ցրտից մեռնենք, ինչ ա՝ ծառն ափսոս ա»- շարունակեց մեր զրուցակիցը:
էլեկտրաէներգիայով տուն ջեռուցելու մասին էլ գյուղացիները չեն ուզում մտածել.
«Էնքան թանկ ա, որ ձմեռը դրանով տուն տաքացնելուց հետո մարդ պետք ա գարունը տունը ծախի, որ կարողանա տակից դուրս գա: Բացի էդ էլ, մեր կողմերում հոսանքն անջատում են, օրերով հոսանք չենք ունենում, էդպես ո՞նց անենք, տանը ծնող ու էրեխա ունենք: Ես հասկանում եմ, որ քաղաքի տաք-տաք տներից խոսալը հեշտ ա, բայց եկեք գյուղ ու վիճակը տեսեք»- ասաց մեկ այլ գյուղացի:
Հարևան Ծափաթաղից մի բնակիչ էլ նկատեց.
«Օրենքն արգելում ա ծառ կտրեմ, գազ էլ չկա, բայց որ էրեխես աչքիս առաջ մրսի, օրենքն ա՞ տաքացնելու: Հա, ծառ ա, բնություն ա, բայց ի՞նչ անենք, կոտորվե՞նք, գոնե գազ քաշեն: էդ օրենք գրողին հարցրեք` որ էրեխեն աչքի առաջ սառչի, միակ փրկությունն էլ ծառը կտրելը լինի, օրենքը շրջանցելով ծառ չի կտրելու՞: Օրենք-օրենք, լավ էլ անուն են գտել, բա իմ ծնողական բարոյական օրենքն ու՞ր մնաց, որ թողեմ էրեխես մրսի»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք փող ունենալու դեպքում հնարավոր է վառելիք գնել, գյուղացին պատասխանեց.
«Ախպեր, ամենավատն էն ա, որ հիմա ո'չ փող ունեցողն ա կարում վառելիք առնի, ոչ` չունեցողը: Կրակի մեջ ենք, մի ճյուղ ես կտրում, մինչև նախարար գալիս` գլխիդ կանգնում են, քիչ ա մնում տունդ ձեռքիցդ խլեն: Գիտես՝ ինչքան մարդ թողեց գնաց էդ դարդից, փոխանակ էնպես անեն՝ գյուղում մարդ մնա, էնպես են անում, որ մարդը տան դուռը փակի գնա»:
Հետաքրքրվեցինք՝ գյուղացիները չեն ուզում աշխատել կառավարության մատնանշած աշխատատեղերում, որպեսզի կարողանան հոսանքի միջոցով լուծել ջեռուցման հարցը։ Պատասխանը բավականին չոր ու կտրուկ էր.
«Էդ ի՞նչ հեշտ եք խոսում քաղաքից, տելեվիզրով մի բան եք լսում ու վերջ, մեր տանն էլ կա դրանից, ավելի լավ ա՝ դուք էկեք գործի տեղը ցույց տվեք, ամեն առավոտ գործի չգնացողին ամոթ: Մեր գործը երեսուն տարի ա նույնն ա` անասնապահություն ու բաղուբախչա, էդ աշխատատեղերի մասին խոսակցությունը լավ երազ ա, մնում ա լուսն ընկնի:
Առավոտից իրիկուն էլ մեզ ասում են հպարտ քաղաքացի, ծիծաղս էլ ա գալիս, էդտեղ ասա՝ հպարտ քաղաքացին ցրտից մեռնում ա»- եզրափակեց նա:
Մյուս գյուղացիներն էլ նույն կարծիքի են:
Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանները նույնպես չեն գոհացնում գյուղացիներին: Մեզ հետ զրույցում մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետ Համբարձում Համբարձումյանն ասաց, որ իրենք ամեն բան անում են, որպեսզի գյուղացու վիճակը թեթև լինի.
«Քարածուխ ենք ներկրում, անտառահատումների ժամանակ թույլատրում ենք, որ գյուղացիները ճյուղերն ու կոճղերը տանեն, բայց դրանից ավելին չենք կարող անել, հարցը մեր իրավասության ներքո չէ, բացի այդ, չենք կարող մարդկանց ասել՝ գնացեք ծառ կտրեք»,-նշեց նա:
Գյուղացիները հակադարձում են՝ հազվադեպ թույլատրվող անտառահատումների ժամանակ Սևան ազգային պարկի աշխատակիցները ծառերը հատում ու տանում են՝ իրենց թողնելով միայն տերև, ծառարմատ ու մի երկու ճյուղ, որոնք, մի քանի ընտանիքի անգամ չեն բավարարում: Զրույցի ընթացքում գյուղացիները պատմեցին նաև, որ հարյուրավոր ծառեր կան, որոնք հայտնվել են ջրի մեջ, ընթացքում տապալվելու են ու փտեն, պետությանն առաջարկել են՝ գոնե դա կտրել և՛ իրենք կշահեն, և՛ ամռան ամիսներին մամռակալող Սևանա լիճը․․․ բայց էլի մերժում են ստացել։
Հիշեցնենք, որ նոր իշխանությունների աթոռակալմանը զուգընթաց՝ նշյալ գյուղերը, որոնք սահմանամերձ են և արդեն երեք տասնամյակից ավելի գտնվում են հակառակորդի ագրեսիայի մշտական վտանգի տակ, կանգնել են ջեռուցման լրջագույն խնդրի առջև, որն այս պահին ո՛չ լուծված է, ո՛չ էլ լուծմանը միտված որևէ ծրագրում ներառված: Գյուղացիներին ամենաշատը վիրավորում է հենց այդ փաստը: Նրանց կարծիքով՝ պետությունն ուղղակի անտեսում է իրենց:
Գևորգ Գյուլումյան