կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-20 11:39
Հասարակություն

Պետության և հասարակության վերաբերմունքը եզդիական համայնքի հանդեպ դրական է

 Պետության և հասարակության վերաբերմունքը եզդիական համայնքի հանդեպ դրական է

Եզդիների հարցում գլխավոր կարծրատիպերից է վաղ ամուսնությունը, որն էլ դառնում կրթություն չստանալու պատճառ, այդպես՝ եզդի աղջիկների համարյա մեծամասնությունը կրթություն չի ստանում. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, լրագրող Զուզան Խուբոյանը՝ անդրադառնալով Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությանն առնչվող խնդիրներին, կարծրատիպերին և այլ հարցերի:

Նա փաստեց, որ, վերջին տարիներին այս հարցում մասնակի առաջընթաց գրանցվել է. եթե նախկինում ծնողներն իրենց աղջիկներին մոտ 14 տարեկանում էին ամուսնացնում, հիմա  փորձում են ամուսնացնել գոնե մոտ 16 տարեկանում:

Ըստ Զուզան Խուբոյանի՝ 12-ամյա կրթության պարտադիր դառնալուց հետո էլ խնդիրներ առաջանում են: «Նրանք, ովքեր ամուսնանում են մինչև դպրոցն ավարտելը, այլևս չեն հաճախում դասերին: Իսկ այս հարցում վերահսկողություն չկա: Թույլ վերահսկողությունն անդրադարձ է ունենում նաև հայ երեխաների վրա, որոնք շատ հաճախ ընտանիքի սոցիալական խնդիրների պատճառով են կիսատ թողնում դպրոցական կրթությունը: Լուրջ խնդիր է նաև դպրոցների վիճակը: Ձմռանը ջեռուցման բացակայության պատճառով շատ հաճախ դասեր տեղի չեն ունենում»,- ասաց նա:

Լրագրողի կարծիքով՝ պետությունն այս հարցերում խիստ քաղաքականություն պետք է որդեգրի: Եթե ծնողները խոչընդոտ են դառնում իրենց երեխաների՝ կրթություն ստանալու ճանապարհին, ապա պետք է կրեն պատասխանատվություն: Երբեմն նման դեպքեր տեղի են ունենում նաև հայկական ընտանիքներում:

Զուզանը վտանգներ է տեսնում նաև ազգային ինքնության պահպանման հարցերում: «Էական խնդիր է դպրոցական դասագրքերի բացակայությունը: Օրինակ՝ Ռյա Թազան եզդիական գյուղ է, բայց դպրոցում դասավանդվում է քրդական գրքերով, ինչն ազգային ինքնության պահպանման հարցերում վտանգներ է առաջացնում: Եզդիերենը (էզդիկի) նույնպես վտանգի տակ է: Այն համայնքներում, որտեղ եզդիները կոմպակտ են բնակվում, սովորական դպրոցական ծրագրին զուգահեռ, անցնում են նաև եզդիերեն, բայց շատ տեղերում համապատասխան կադրերի բացակայության պատճառով դասերը չեն կայանում»,- մտահոգություն հայտնեց համայնքի ներկայացուցիչը:

Զուզան Խուբոյանը նշեց՝ ՀՀ-ում իրենք բախվում են միայն այն խնդիրներին, որոնց կարող է բախվել հայաստանյան հասարակության յուրաքանչյուր անհատ կամ խումբ: Պետության և հասարակության վերաբերմունքը համայնքի հանդեպ դրական է: Հիմնական խնդիրները ներհամայնքային են և ունեն համազգային բնույթ:

«Շատ լավ է, որ ԱԺ-ում արդեն ունենք ներկայացուցիչ: Այս ընթացքում նրանց ջանքերով լուծվել են հողային և ջրային մի շարք հարցեր: Նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի օրենսդրական գործունեության շրջանում էր, որ ՀՀ ԱԺ-ն դատապարտեց եզդիների ցեղասպանությունը: Գործող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ շարունակաբար հանդիպումներ է ունենում Իրաքի և Իրանի եզդիների հետ, այցելում փախստականների ճամբար: Համայնքի կյանքում փոփոխություններ կան: Այն, ինչ ունենք հիմա, տասը տարի առաջ երազ կթվար»,- ավելացրեց Զուզան Խուբոյանը:

Տարոն Ղազարյան