Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունը, իր գործընկերների հետ համագործակցելով, հայտնաբերել է, մնացածն արդեն ոստիկանության խնդիրը չէ. լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին ու Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելուն։
«Բայց տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում, որ այդ հայտնաբերված անձանց արտահանձնեն ՀՀ-ին»,- շարունակեց նա։
Խոսելով ասֆալտին փռելու պրակտիկայի մասին, և որ վերջերս նման դեպքեր չեն արձանագրվում, ոստիկանապետը շեշտեց՝ իրենք հանցագործներին հայտնաբերելու համար չեն սպասում վարչապետի հանձնարարականին։
«Ոստիկանությունն ունի հստակ գործառութային պարտականություններ, այստեղ պարտադիր չէ վարչապետի հանձնարարականը։ Ասֆալտին փռելը շարունակվում է, պարզապես երևի տեղեկացված չեք։ Վստահեցնում եմ, որ այն պահին, երբ մենք խստացրել են մեր մոտեցումները և դադարել ենք հանդուրժող լինելը, մարդիկ կան, որ հասկացել են ու Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի օրինապաշտ են դարձել»,- ընդգծեց Օսիպյանը։
Հարցին, թե վերջին անգամ ո՞ւմ են փռել ասֆալտին, միջամտեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Օսիպյանի փոխարեն պատասխանելով, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր որդուն են փռել ասֆալտին, բայց չեն ասել։
Ինքը` Օսիպյանը, անուններ չտվեց, միայն նշեց, որ նման դեպքեր եղել են, բերման են ենթարկվել, քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։
Լրագրողներից մեկի հարցին՝ վարչապետի հրահանգից հետո ոստիկանությունը քանի՞ սևազգեստ մարդու է գունավոր «բաբոչկա» հագցրել, ոստիկանապետն արձագանքեց, որ ինքն ու ԱԱԾ տնօրենը հասկացել են, թե վարչապետը սևազգեստ մարդկանց մասին խոսելիս ում է նկատի ունեցել, հետևաբար՝ դա չի սպառնում ցանկացած սևազգեստի։ Իսկ հարցին՝ բռնե՞լ են իրենց իմացած սևազգեստներին, պատասխանեց. «Բռնել ենք, բռնում ենք ու շարունակելու ենք բռնել»:
Անդրադառնալով Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի թեմային՝ Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը հիմա էլ փնտրում է նրան։
«Ցանկացած գործ ունի իր սահմանափակումները։ Ընդհանրապես, բոլոր գործերով ունենք օպերատիվ տեղեկություններ և տանում ենք աշխատանքներ, բայց բարձրաձայնելն անթույլատրելի է, խանգարում է»,- նշեց նա: