կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-12 17:51
Արցախ

Նպատակն է կրակով աջակցել առաջնագծում և թիկունքում գտնվող ստորաբաժանումներին. պատմում են հրետանավորները

Նպատակն է կրակով աջակցել առաջնագծում և թիկունքում գտնվող ստորաբաժանումներին. պատմում են հրետանավորները

Պաշտպանության բանակի համակարգում հրետանու ստեղծման անհրաժեշտությունն առաջացավ դեռևս 1990-ական թվականներից, որը ժամանակի պահանջներին համապատասխան զարգացնելով իր կարողությունները` քանակական ու որակական ցուցանիշները, այսօր դարձել է ՊԲ հիմնական հարվածային ստորաբաժանումներից մեկը:

Հրետանու մասին հիշելու առիթը artsakhpress.am-ի լրագրողական խմբի հերթական այցելությունն էր ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրետանու կրակային դիրքեր:

Ստորաբաժանման անձնակազմը ամենօրյա մարտական հերթապահությունն իրականացնում է` խնդիր ունենալով մարտական գործողությունների ժամանակ աջակցել մյուս ստորաբաժանումների գործողություններին, իսկ հակառակորդի կենդանի ուժի ու զինտեխնիկայի ոչնչացմամբ` խոչընդոտել նրա հետագա առաջխաղացումը: Այս հանգամանքը լավագույնս գիտակցելով` տղաները մարտական հերթապահությանը զուգահեռ անընդհատ մարտավարամասնագիտական և կրակային պատրաստության պարապմունքներ են իրականացնում, որպեսզի հարկ եղած դեպքում վստահաբար կատարեն առաջադրված խնդիրները:
 
«Մենք գտնվում ենք մարտական հերթապահությունում, նպատակ ունենալով նախևառաջ կրակով աջակցել մեր առաջնագծում և թիկունքում գտնվող ստորաբաժանումներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել վերադաս հրամանատարության կողմից տրվող այլ խնդիրներ:
 
Տվյալ պահին մարտկոցը անց է կացնում մարտավարամասնագիտական պարապմունքներ, որպեսզի կատարելագործենք զինծառայողների մասնագիտական ունակությունները:
 
Կարևորելով զինծառայությանն առնչվող մյուս հարցերը ևս` ամեն օր անցկացվում է հրահանգավորում, ևս մեկ անգամ անձնակազմին բացատրվում է անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը թե զինտեխնիկայի հետ աշխատելիս և թե ընդհանրապես: Արդեն եղանակները տաքացել են, պետք է զգույշ լինել նաև օձերից: Մի խոսքով, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի զինծառայողները կարողանան առանց խոչընդոտների իրականացնել իրենց առաջադրված խնդիրները»,-artsakhpress.am-ի հետ զրույցում ասել է մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Հրայր Աբրահամյանը, վստահեցնելով, որ պատրաստ են կատարելու իրենց առաքելությունը:
 
Ինչպես սպայական կազմը, այնպես էլ ժամկետային զինծառայողները, տարիների փորձից ելնելով, քաջ գիտակցում են, որ գիտատեխնիկական առաջընթացի արդի դարաշրջանում միայն զենք ու ռազմական զինտեխնիկա ունենալը դեռևս քիչ է: Պետք է ունենալ նաև դրանք շահագործող, իրենց պարտականություններին հստակորեն տիրապետող մասնագետներ: Այդ նպատակով զինծառայողներն ամեն օրն ու առիթը օգտագործում են` նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական պատրաստության ավելի  բարձր մակարդակի հասնելու համար:
 
«Հաշվարկի անձնակազմի հետ պարբերաբար անց ենք կացնում պարապմունքներ, որպեսզի յուրաքանչյուրը հստակորեն տիրապետի իր անելիքներին ու մասնագիտական պարտականություններին: Ընդհանուր առմամբ, ամենօրյա պարապմունքները թույլ են տալիս ասելու, որ հաշվարկը պատրաստ է խոցել հրամանատարության կողմից տրված նշանակետերը: Կարծում եմ, այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ մենք բոլորս գիտակցում ենք, թե ինչի համար ենք ծառայում, որն է մեր խնդիրը: Եվ ինչպես մենք ենք վստահում առաջնագծում կանգնած զինծառայողներին, այնպես էլ նրանք պետք  է վստահ լինեն, որ թիկունքում գտնվող հրետանավորները պատրաստ են  անհրաժեշտության դեպքում իրենց գործողություններով նպաստել մեր հայրենիքի պաշտպանությանը»,- վստահաբար ասել է հաշվարկի հրամանատար, սերժանտ Միքայել Հակոբյանը:
 
«Շուրջ 22 ամիս է, ինչ ծառայում եմ Պաշտպանության բանակում, այդ ընթացքում շատ փորձ ու գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնք այսօր ժամանակն է կրտսեր ընկերներիս փոխանցելու համար: Սերնդեսերունդ գիտելիքների փոխանցումը մեզ մոտ ավանդույթի ուժ ունի, ինչի շնորհիվ, մեկս մյուսից սովորելով, ավելիին ենք հասնում:
 
Մարտական հերթապահությունում մանրուքներ, իհարկե, չկան: Բայց շատ կարևոր է, որ բացի մասնագիտական ունակություններից, անձնակազմի միջև լինի առողջ, բարոյահոգեբանական հարաբերություններ: Ես ուրախությամբ եմ նշում, որ այստեղ բոլորս մի կոլեկտիվի պես ենք, ինչն իր հերթին նպաստում է, որ մենք ավելի լավ իրականացնենք մարտական հերթապահությունը, գիտակցելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մեկս մյուսին թիկունք կանգնել»,-  կիսվել է շարքային Բաբկեն Համբարձումյանը, վստահեցնելով, որ եթե անհրաժեշտ լինի, ծառայությունից հետո նույնպես ցանկացած պահի կօգտագործի իր ունակությունները հայրենիքը պաշտպանելու համար:
 
Կոլեկտիվի միջև առկա  ընկերական հարաբերությունները, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտն ու մարտավարամասնագիտական ներդաշնակ գործողությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ տղաները ոչ միայն խոսքով, այլև գործնականում պատրաստ են կատարելու «պատերազմի աստծո» իրենց առաքելությունը: