Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դատական իշխանությունը իշխանության առանձին ճյուղ է, ու մեր վերաբերմունքը պետք է լինի համարժեք այդ իշխանությանը. այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, որից լրագրողները հետաքրքրվել էին` ի՞նչ կարծիք ունի Սահմանադրականա դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի «ՍԴ նախագահ լինելու» վերաբերյալ:
Հստակեցրեց` Սահմանադրական դատարանի հետ կապված պաշտոնական որևէ հրապարակման ծանոթ չէ, իսկ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանության ներքո, պետք է տեսնել իրավական հարթությունում:
«Պետք է կարողանանք այդ կամքն ունենալ ու նախադրյալներ ստեղծել, որ իշխանության բոլոր ճյուղերը, մեկը մյուսին փոխզսպելով, իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված ու արդարացի իրականացնեն»,- նշեց նա:
Հարցին արձագանքեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ըստ նրա` այժմ «սահմանադրացավ» է առաջացել, ու տրամաբանական չէ, որ, ներքաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում բազմաթիվ չլուծված հարցրերի ֆոնին, Վահե Գրիգորյանի հայտարարությունը դառնում է քննարկման բուռն առարկա:
«Երբ Գրիգորյանի հայտարարությանը փորձում ենք բովանդակություն հաղորդել, ապա այսպիսի պատկեր ենք ունենում: Նախկինում հայտարարվում է ոչ լեգիտիմ նախագահի գոյության մասին, այնուհետև ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվում է ՍԴ անդամի թեկնածու ու ընտրվում է ՍԴ դատավոր, հետագայում էլ նման աշխարհացունց հայտարարությամբ է հանդես գալիս»,- ասաց Տոնոյանը: