Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Գագիկ Ծառուկյանի և նրա անվտանգության ծառայության պետի կողմից քաղաքացի Սլավիկ Հարությունովին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվության չի տիրապետում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գիտի այնքան, ինչքան որ մամուլում լուրեր է կարդում:
«Իսկ մամուլին Սլավիկ Հարությունովն ասել է, որ ծեծկռտուք չի եղել, և որ ինքը սայթաքել, ընկել է ու ստացել այդ վնասվածքները: Ես այս պահին այդ տեղեկատվությանն եմ տիրապետում, իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,-ասաց նա:
Տոնոյանն ասաց, որ հիմնվում է Հարությունովի հարցազրույցների վրա: «Հարությունովն ասել է, որ եղել է դեղերի ազդեցության տակ, որ նաև պատերազմի մասնակից է, կոնտուզիա է ունեցել, դրանով է պայմանավորված եղել իր նախնական ասածը, նաև որոշակի նեղվածություն է եղել: Նա ասաց, որ բազմաթիվ անգամ փորձել է կապնվել Գագիկ Ծառուկյանի հետ, անընդհատ չի ստացվել, դրանից էլ լարվածություն է առաջացել իր մոտ և այդ օրն էլ ժողովի ժամանակ բավականին խոսակցություն է եղել և կարողացել է դիմել պարոն Ծառուկյանին: Պարոն Ծառուկյանը սպորտի նախարարին ասել է, որ ուսումնասիրեն փաստաթղթերը, եթե հնարավորություն կա, իր տղայի հետ կապված հարցին ընթացք տան: Դրանից հետո առանձնազրույցի համար էր դիմել, իսկ այդ զրույցը հետաձգվել էր: Ես ասում եմ այս ամենը`նրա հարցազրույցով առաջնորդվելով: Ես որպես հիմք ունեմ այդ հայտարարությունը»,- բացատրեց նա:
Հարցին` հնարավո՞ր է` կաշառել կամ ճնշել են, որ հետ կանգնի իր նախնական խոսքից, Տոնոյանը պատասխանեց. «Ես ձեզ խնդրում եմ, դուք բազմաթիվ հնարավորություններ կունենաք խոսելու և' Հարությունովի, և' նրա տիկնոջ հետ, կարծում եմ` այս հարցը իրականության հետ առնչություն չունի: Հարցի քննության օրը նա եկել էր, որ ցուցմունք տար, սակայն միջնորդությունը չընդունվեց և իրեն չկանչեցին ցուցմունք տալու»:
Դիտարկմանն էլ` ոստիկանապետը հայտարարել է, որ ընկնելու հետևանքով նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, նա արձագանքեց, որ ծանոթ է ոստիկանության պետի հայտարարությանը: «Թե ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարությւոն արել հենց այն օրը, երբ դատարանում քննվում էր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ հարցը, դա թողնում եմ հանրության դատին, գնահատականին: Ինչ վերաբերում է Բաբայանին կալանավորելու որոշմանը, այժմ հարցը գտնվում է վերաքննիչ դատարանում և դեռևս վիճարկման փուլում է: Այնպես չէ, որ համաձայն ենք այս դիրքորոշման հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սլավիկ Հարությունովը հայտարարել էր, որ իրեն ծեծել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա անվտանգության ծառայության պետը, այնուհետև հետ էր կանգնել խոսքից: