կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 16:44
Արցախ

ԱՀ պետական պատմաերկրագիտական թանգարանը 80 տարեկան է

ԱՀ պետական պատմաերկրագիտական թանգարանը 80 տարեկան է

Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը ներկայացնող 80-ամյա հարուստ պատմություն ունեցող պետական պատմաերկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1939թ.: Թանգարանն ունի երեք մասնաճյուղ և երկու ենթաճյուղ:

Պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահոցներում ցուցադրության համար ընդգրկված են ավելի քան 45 հազար պատմամշակութային արժեքներ։

Աշխարհում մայիսի 18-ը նշում են որպես թանգարաննների միաջզագային օր: Այդ օրը բոլոր թանգարաննները հանդես են գալիս տարաբնույթ միջոցառումներով: Արցախում թանգարանների միջազգային օրվան համադրվեց ԱՀ պատմաերկրագիտական թանգարանի 80-ամյակը: Հիշարժան այդ օրը թանգարանները կազմակերպել են «Արցախյան ասեղնագործ արվեստ» խորագրով նոր ցուցահանդես: Հավաքագրված 200 ցուցանմուշից տոնական օրը ցուցադրության ներկայացրել են արցախյան ասեղնագործ-ձեռագործ ավեստի 60 ցուցանմուշ:

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանի խոսքերով՝ թանգարանի գործառույթներից կարևորագույնը  ցուցադրությունն է:

Ժամանակավոր ցուցադրությունները կազմակերպվում են տարվա մեջ մեկ կամ երեք անգամ՝ կապված որևէ հիշարժան իրադարձության հետ: Այն որոշակի աշխուժություն է առաջացնում թանգարանային գործունեության մեջ: Մշտական ցուցադրության համար ներկայացվում է դրանց 10 %-ը՝ մոտ 6000 ցուցանմուշ: Ժ. Առստամյանի խոսքերով՝ այդ ցուցանմուշները ոչ միայն պետք է հավաքագրել, այլև պահպանել և անխաթար վիճակում փոխանցել սերունդերին:

ԱՀ-ում իրականացվող պեղումների շնորհիվ թանգարանը հնարավորություն ունի արդյունավետ կերպով ընդլայնելու իր ցուցանմուշների ցուցակը։ Ցուցանմուշի անվտանգության հարցում կրծողներից և մանրէներից զերծ պահելու համար նակարեւորում է ջերմախոնավային եւ լուսային ռեժիմներով նախատեսված համապատասխան կահույքի մեջ պահելը: Ցուցանմուշների համար նախատեսված են հատուկ անձնագրեր, յուրաքանչյուր ցուցանմուշ լուսանկարվում և կշռվում է, գրանցվում և էլեկտրոնային տարբերակով պահպանվում համապատասխան գույքամատյանում:

«Հանրությունն ունի թյուր կարծիք, թե իբր թանգարանային աշխատանքները քիչ են: Իրականում այդպես չէ: Թանգարանի աշխատողները ջանասիրաբար մաքրում և օդափոխում են գորգերը, բայց ֆոնդային տարածքի բացակայությունը խանգարում է պատշաճ կերպով ցուցանմուշների պահպանմանը», – նշեց Ժաննա Առստամյանը:

Շուտով թանգարանը նոր շենք կունենա: Նոր շենքի ճարտարապետները Վլադիմիր եւ Միքայել  Սարգսյաններն են: Հատկացված տարածքի եւ նախագծի աշխատանքներն արդեն ավարտված են: Շինության կառուցման համար նախատեսված է 100 մլն դրամ՝ ներկայիս միջազգային ստանդարտներին համապատասխան: Երեք մուտքով նոր քառահարկ շենքի ներքեւի հարկերը կծառայեն ֆոնդային տարածքի եւ ցուցասրահների համար՝ որպես ժամանակավոր և մշտական ցուցադրական տարածքներ, քանդակնենրն ու կիրառական արվեստի ցուցանմուշները կներկայացնեն տանիքային հարկում նախատեսված բացօթյա սրահում: Նոր շինության աշխատանքները կավարտվեն երկու տարուց հետո:

Ժաննա Առստամյանը հավելեց նաեւ, որ թանգարանն ունի լավ ցուցանմուշներ, որոնք տարածքի բացակայության պատճառով չեն ցուցադրվում՝ տարիներ շարունակ վարակազերծված թողնելով թանգարանի ֆոնդապահոցներում:

Թանգարանի խնդիրներից Առստամյանն առանձնացրեց ամենակարեւորները՝ շենքային բարվոք պայմանների, ցուցադրական տարածքների բացակայությունը:

Լինելով գիտական ուսումնական կենտրոն՝ թանգարանը չունի գիտական գործունեություն ծավալելու անհրաժեշտ պայմաններ՝ լաբորատորիա, գրադարան, աշխատասենյակ:

Ի հեճուկս այդ խնդիրների՝ Արցախ այցելող զբոսաշրջիկնեը կլանվում են թանգարանային հուշարձաններով: Լուվրում, Հերմիտաժում լինելուց հետո թեև զարմանալի, բայց նաև ուրախալի է այցելուների՝ Արցախի պատմամշակութային արժեքների բարձրարժեքությամբ և ինքնատիպությամբ աչքի ընկնող նմուշներով հիացմունքն ու ոգևորությունը: Թանգարանը մեծ զարգացում է ապրում ողջ աշխարհում և նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: «Օտարերկրյա այցելուները զարմանում են մեր հնագույն պատմությամբ: Այստեղ նրանք ստանում համապարփակ գիտելիքներ տվյալ քաղաքի կամ երկրի  կամ էթնոսի վերաբերյալ», –  ասաց Ժ. Առստամյանը:

Թանգարանն ունի հայերենին, անգլերենին և ռուսերենին տիրապետող ուղեվարներ: Ֆրանսախոս, գերմանախոս, իսպանախոս ուղեվարների բացակայության պատճառով այցելուները շատ հաճախ ներկայանում են իրենց թարգմանիչներով:

Իմ այն հարցին, թե թանգարանի աշխատանքների հետ կապված  ինչ անելիքներ ունեն հետագայում, Ժ. Առստամյանը նշեց, որ շարունակվում են ֆոնդերի հարստացման՝ եզակի ցուցանմուշների հավաքագրման, հաշվառման, ուսումնասիրման եւ հանրահռչակման աշխատանքները: Աշնանը նախատեսում ենթանգարանի ֆոնդապահոցներում պահվող արծաթյա իրերի նոր ցուցադրություն:

Հասմիկ Հակոբյան