Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 24-ի առիթով Երեւան-Անկարա բարձրագույն մակարդակների վրա կատարված հայտարարությունների դիտարժան կետերը մտածելու տեղիք են տալիս, որ օգտագործված ուղերձային հռետորաբանությունը ոչ միայն հատել է դիւանագիտության համար ընկալելի օրինաչափությունների սահմանը, այլ հատկապես Անկարայի կողմից փակել է հաւանական բաց պատուհանները։
Ցեղասպանության հիշատակի օրվա առիթով Անկարան դիւանագիտական ձեւակերպումներ էր որոնում ուղերձ փոխանցելու համար ոչ միայն հայկական կողմին, այլ նաեւ միջազգային հանրությանը։ Ձեւակերպումները պտտվում էին՝ ցաւալի դեպքեր, ցավակցական մոտեցումներ, երկու ժողովուրդների համար ողբերգական էջեր, տեղափոխության ընթացքում պատահած ողբերգական պատահարներ բառակապակցությունների եւ ասելաձեւերի շուրջ, իհարկե հանգելու համար քաղաքական առաջադրանքին. խնդրո առարկա ժամանակահատվածի իրադարձություններին գնահատական տալը վերապահել պատմաբանների միացյալ հանձնաժողովին։
Հիմա, Թուրքիայի նախագահի կողմից ըստ էության բեկումնային հետլքայլ է արվում, երբ ասվում է, որ Թուրքիայի օրվա իշխանությունները ճիշտ են արել հայությանը տեղահանելով, որովհետեւ նրանք դիմել էին իսլամ զանգվածների կոտորածի։
Թուրքական այս մարտավարությունը միտված է՝
Ա. Հայերին ամբաստանել Օսմանյան կայրությունում իսլամ ազգաբնակչությունների դեմ ցեղային զտումներ գործադրած լինելու հանցանքով։
Բ. Հիմնահարցին տալ մեծ հաշվով կրոնական հանգամանք։
Գ. Իսլամ զանգվածները հրահրել հայության դեմ։
Դ. Իսլամ զանգվածներին տիրություն անել, նույնիսկ պատմական խնդիրներում իսլամների իրավունքը պաշտպանելով։
Այս հետքայլը հայ-թուրք հարաբերությունների հեռանկարը մթագնելուց կամ հայկական կողմին ցեղասպան պիտակաւորելուց բացի ճշտում է իսլամ զանգվածների վրա Անկարայի ազդեցությունը տարածելու քաղաքականությունը։ Ապրիլի 24-ը պարզապես շահարկման թեմա է ծառայել։ Սակայն այս շահարկումը տեղի է տվել Անկարայի ինքնախոստովանանքին՝ տեղահանությունները (ցեղասպանությունը) ծրագրած ու գործադրած լինելուն։ Հայտարարվածը պարզապես ցեղասպանական քաղաքականության արդարացման փորձ է Անկարայի գլխաւոր ղեկավարի կողմից։
Քաղաքական թիրախներ խփելու այս մոտեցումը իբրեւ վարքագիծ շարունակվել է, երբ Թուրքիայի արտգործնախարարության բանբերը ակնարկելով պաշտոնական Փարիզի կողմից Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելուն, հայտարարել է, որ «Ֆրանսիայի նախագահի կիրառած ծանր արտահայտությունները պատասխան կստանան: Ֆրանսիացիներն ունեն պատասխանատվություն, մեկ դար առաջ հայերին զինելով, թուրքերին կոտորելու մեջ»։
Այստեղ եւս կա պատասխանատուության եւ միջամտող պետության հասցեի փոփոխություն։ Թուրք պատմաբանների եւ պետական դեմքերի դասական մոտեցումն այն էր, որ Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը օգտագործվել էին ռուսների կողմից, ովքեր զինել էին իրենց ընդդեմ օսմանյան թուրքերի։
Հիմա զինողը, նրա ազգությունն ու պետությունը փոխվել են։ Շարժառիթը ոչ միայն Փարիզի վերջին որոշումն է, այլ Անկարա-Մոսկվա ռազմավարական մերօրյա գործընկերության հաշվարկը։
Վարչապետի ճանապարհով Երեւանի հակազդեցությունը Էրդողանի հայտարարությանը կարելի է ասել, որ համարժեք էր, մանավանդ միջազգային հանրության կոչով՝ չլռելու ատելություն սերմանող Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումներին։ Նախորդած ուղերձում ուշագրաւ բաժինը հայրենազրկման գաղափարն էր, որ նաեւ երեւում էր Հանրապետության նախագահի խոսքում՝ պատմական բնօրրանից բնաջնջված լինելու փաստի ձեւակերպումով։
Մինչ Անկարան հսկայական հետքայլ է արձանագրում ըստ էության ընդունելով եւ արդարացման փորձ կատարելով ցեղասպանական քաղաքականության, Երեւանը հայրենազրկման գաղափարն է ամրագրում պաշտոնական ուղերձներում։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր