կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 22:13
Հասարակություն

Սուրբ Աթոռում ՀՀ դեպանը խոսել է առաջիկա անելիքների մասին

Սուրբ Աթոռում ՀՀ դեպանը խոսել է առաջիկա անելիքների մասին

Սուրբ Աթոռում ՀՀ դեպան Կարեն Նազարյանի հարցազրույցը «Վատիկան նյուզ»-ին.

-Բարի եկաք, պարոն դեսպան։

-Բարի լույս և ողջունում եմ նրանց, ովքեր այս պահին լսում են մեր հաղորդումը։ Ինձ համար պատիվ է գտնվել «Վատիկան նյուզի» ստուդիայում, որտեղից աշխարհով մեկ սփռվում են լուրեր Վատիկանում ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ բազմամիլիոնանոց ռադիոունկնդիրներին հասցնելով կարևորագույն պատգամներ և ուղերձներ։

Հարց. Դուք մարտի 9-ին հանդիպեցիք Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին և դրանով իսկ ազդարարեցիք Ձեր դիվանագիտական գործունեության սկիզբը։ Ինչպե՞ս անցավ այդ հանդիպումը։

Կարեն Նազարյան․ Իհարկե, տպավորություններս ավելի քանի վառ են շաբաթ օրը տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողությունից, ինչպես նաև դրան հաջորդած երկու հանդիպումներից՝ Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի և Սուրբ Աթոռի պետքարտուղար՝ Կարդինալ Պարոլինի հետ։

Նորի Սրբության հետ հանդիպումը բովանդակային էր ու ջերմ։ Նրա բարձր տրամադրությունը փոխանցվեց նաև ինձ, և արարողակարգային առումով այդ պահանջկոտ ու խորհրդավոր միջավայրում ես առիթ ունեցա Հռոմի Քահանայապետին ներկայացնել իմ հիմնական ասելիքը․ դրանք ներառելով անշուշտ ՀՀ իշխանությունների, երկրի ղեկավարության պատրաստակամությունն ընդլայնելու Սուրբ Աթոռի հետ մեր քաղաքական ու հումանիտար, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ կապերը։

Նորին Սրբությանը փոխանցեցի որ մեր սրտերում ու մտքում շարունակում է վառ մնալ նրա պատմական այցը Հայաստան։ Հանդիպմանն առիթ ունեցա նաև լսելու Սրբազան Քահանայապետի հետաքրքիր մեկնաբանությունները, տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ իր գնահատականները, նա իր հուշերն ու տպավորությունները կիսեց Հայաստան կատարած այցելությունից– մի իրադարձություն, որն իր մեջ պարունակում էր նաև խաղաղություն ու բարիդրացիություն հաստատելու կարևորագույն պատգամ՝ ուղղված մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդներին։

Հանդիպմանը Նորի Սրբությունը բարձր գնահատեց սփյուռքի դերակատարումը և իր օրհնությունը տվեց հայ-վատիկանյան կապերի հետագա խորացման ու զարգացման համար իմ կողմից գործադրվելիք ջանքերին։

Ինձ ուղեկցողների ու անձամբ ինձ համար դա անմոռանալի պահ էր։ Հասկանալի է, որ Ֆրանցիսկոս Պապի հետ այսօրինակ հանդիպումը նաև պարտավորեցնող է՝ այն առումով որ Սուրբ Աթոռում ներկայացնում ես երկիր, ժողովուրդ, որն ունի հարուստ մշակույթ, պատմություն և համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրաններից մեկն է, ու միևնույն ժամանակ հանդիսանում է երիտասարդ պետություն ու արագ զարգացող ժողովրդավարություն։

Հարց. Հիմնվելով Ձեր այս վերջին մտքին, մեկ այլ հարց․ ի՞նչ նշանակություն ունի նման պետության համար Սուրբ Աթոռում մշտական ներկայություն ունենալը։ Գիտենք, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական կապերը հաստատվել են 1992-ին, սակայն արդեն 6 տարի է, որ մենք ունենք ռեզիդենտ դեսպան, գործող դեսպանություն այստեղ։

Կարեն Նազարյան․ Նախ նշեմ, որ հայ-վատիկանյան առնչություններն ունեն բավականին հարուստ անցյալ, և դրանք որոշ տվյալներով սկիզբ են առնում 9-րդ դարից և խարսխվում են վաղեմի պատմական, մշակութային, հոգևոր կապերի, ինչպես նաև քրիստոնեական, մարդասիրական արժեքների վրա։ Առահասարակ մենք (երկու պետությունները) կիսում ենք նույն համընդհանուր սկզբունքները, որոնք ընկած են ժամանակակից միջազգային հարաբերությունների, ՄԱԿ-ի կանոնադրության ու հիմնարար այլ փաստաթղթերի հիմքում:

Հայաստանը, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակած երկիր, իր ուրույն դերակատարումը և առաքելությունն է տեսնում Սուրբ Աթոռի հետ ունեցած գերազանց հարաբերություններն ի ցույց դնել մյուս պետություններին ու ժողովուրդներին։ Այսօրվա միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների ու մարտահրավերների լուծման հարցերում Հայաստանը և Սուրբ Աթոռն ունեն ներդաշնակ մոտեցումներ և միևնույն ժամանակ նույն մտահոգությունները։ Դրանցից ես կառանձնացնեի խաղաղության ու զարգացման նպատակներին հասնելու մեր նույնական տեսլականը, աշխարհում հակամարտություններն ու տարաձայնությունները երկխոսության, ասել է թե, բանակցությունների միջոցով լուծելու մեր մոտեցումը՝ մերժելով ուժի կամ դրա սպառնալիքի գործադրումը։

Ի վերջո, առաջնային խնդիր ունենք ամենօրյա աշխատանքով պահպանել ու փայփայել անցնող ավելի քան 25 տարիների մեր միջպետական հարաբերությունները, դրանք տեղափոխելով հաջորդ՝ առավել խորացված փուլ։ Իմ խնդիրն է լինելու ամրացնել միասնության ու բարեկամության այն կամուրջը, որի հիմքերը դրվել են ՀՀ նախորդ բոլոր դեսպանների և հայության հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Ի դեպ, առիթն օգտագործելով կցանկանային շնորհակալությունս հայտնել Միքայել Մինասյանին՝ Սուրբ Աթոռում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանին, իր նեդրած հսկայական ջանքերի համար, որի արդյունքում մենք այսօր գործ ունենք հարուստ, դինամիկ երկկողմ կապերի և օրակարգի հետ։

Այսօր Սուրբ Աթոռում Հայաստանը ներկայանում է համեստ դիվանագիտական կազմով, ինչը մեզ բավականին ծանրաբեռնված է պահում, քանի որ աշխատելով Վատիկանի հետ դեսպանությունը զուգահեռաբար սպասարկում է նաև Պորտուգալիայի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի հետ մեր երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառումներում հարաբերությունները։

Հարց. Նոր եք ստանձնել Ձեր պաշտոնը և անշուշտ ունեք սպասումներ, ծրագրեր, և ունեք նաև ապագայում իրականացվելիք նախաձեռնություններ։ Կարող եք հակիրճ ներկայացնել այդ ծրագրերը։

Կարեն Նազարյան․ Մեր աշխատանքի հիմնական ուղղությունները տարբեր են և ներառում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցեր։ Որքան որ հնարավոր է կփորձեմ ամփոփ խոսել այս մասին, քանի որ կնախընտրեի նախ քայլ կատարել և հետո հայտարարել կամ ներկայացնել դրա արդյունքները, սակայն, այս պահին կարող եմ ասել, որ մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը։ Կարծում եմ առանձնակիորեն մենք կանդրադառնանք Ս․ Հովհաննես Պողոս 2-րդի՝ Հայաստան այցի 20-ամյակին, որի առթիվ Հայաստանի կառավարությունը, Հայ առաքելական ու Հայ կաթողիկե եկեղեցիները համագործակցաբար կարող են հանդես գալ նախաձեռնությամբ՝ այդ իրադարձությունը ոգեկոչելու համար։ Մեր համատեղ խնդիրն եմ տեսնում պահպանել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձրաստիճան այցելությունների դինամիկան։ Մեզ համար կարևոր է աշխատանքը կաթոլիկ ազգաբնակչություն ունեցող այն երկրների հետ, ուր մենք չունենք դեսպանություններ, սակայն այդ երկրները ներկայացված են Սուրբ Աթոռում։

Գիտամշակութային բնագավառում նախատեսում ենք Հայաստանի տեսանելիության, հայկական մշակութային արժեքների ճանաչելիության ընդլայնման նպատակով ցուցահանդեսների կազմակերպում Հռոմում՝ այդ թվում՝ Սուրբ Աթոռի հովանավորությամբ։ Վատիկանի և Մատենադարանի արխիվային նյութերի, բնագրագիտական նոր հրատարակչությունների, համատեղ ուսումնասիրության, ձեռագրերի վերակագնման բնագավառում համագործակցությունը նույնպես համարում ենք առաջնային հարցեր։

Դեպի Հայաստան ուխտագնացությունների կազմակերպումը, կլինի մեր ուշադրության կենտրոնում, այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկում են քայլեր։ Գիտաժողովների անցկացում ՀՀ կառավարության, Սուրբ Աթոռի հովանու ներքո նույնպես կարևորում ենք, հաշվի առնելով այն համընդհանուր արժեքները և սկզբունքները որոնք միավորում են մեզ։

Մեր օրակարգում կշարունակի մնալ աշխատանքը Սուրբ Աթոռի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների հետ։ Կարևոր եմ համարում կապը Մխիթարյան Միաբանության, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ու դեսպանության միջև։ Մենք արժևորում ենք մինչ օրս ունեցած փոխհարաբերությունները և այսուհետ ևս պատրաստ ենք համատեղ աշխատել ու համագործակցել։ Տեղական համալսարաններում ուսանող հայ երիտասարդների հետ կապը, ովքեր հետաքրքրված կլինեն Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության գործունեությամբ՝ ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում։

Սա, իհարկե, ոչ ամբողջական ցանկն է մեր անելիքների, մեր օրակարգի և այս ամենն իրականացնելու համար մենք մեծապես կարիք ունենք աջակցության և խորհուրդների ու կարծում եմ հավաքական ջանքերով կհաջողվի լավագույնս ներկայացնել մեր երկիրն ու մշակույթը՝ առավել արդյունավետ դարձնելով մեր դիվանագիտական առաքելությունը Սուրբ Աթոռում։

Հարց. Շատ խիտ ծրագիր է, մաղթում ենք, որ կարողանաք իրականացնել բոլոր ծրագրերը և շնորհակալ ենք այս հարցազրույցին ժամանակ հատկացնելու համար, մաղթելով բարի երթ ու բարի սկիզբ Ձեր դիվանագիտական գործունեությանը։

Կարեն Նազարյան․ Կրկին շնորհակալ եմ բարեմաղթանքների համար ու ստուդիայում գտնվելու առիթն օգտագործելով կցանկանայի նաև անդրադառնալ այս օրերին նշվող Ֆրանցիսկոս Պապի, որպես Հռոմի Քահանայապետ ընտրվելու տարեդարձին ու մեր երկրի իշխանությունների ու անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Նորին Սրբությանը և մաղթել, որ նրա նվիրական առաքելությունն այսուհետ ևս հաջողությամբ շարունակվի՝ ի փառս Հայաստան-Սուրբ Աթոռ հարաբերությունների, և ի բարօրություն աշխարհում արդարության հաստատման, ժողովուրդների միջև հաշտեցման ու համագործակցության։ Այս ուղղությամբ Նորին Սրբության հետևողական ջանքերը բարձր է գնահատել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով այսօր շնորհավորական հեռագիր է հղել Ֆրանցիսկոս Պապին: Վստահ եմ, որ շնորհավորանքներին են միանում միլիոնավոր հայեր՝ թե Հայաստանում, Արցախում և թե սփյուռքում։

Հարցազրույցը վարեց Ռոպէր Աթթարեանը

«Ռատիօ Վատիկան – Վատիկան Նիուզ»-ի հայկական բաժնի վարիչ-տնօրեն: