կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-23 13:55
Առանց Կատեգորիա

Կառավարությունը խախտել է Սահմանադրությունը

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ մասնագիտական հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանի հետ

– Պարո՛ն Մինասյան, ՀՅԴ-ն քննադատական հոդվածաշար հրապարակեց Կառավարության ծրագրի վերաբերյալ։ Դուք անցած տարվա հունիսին նախկին ծրագրին կողմ քվեարկեցիք և Կառավարությանը մաս կազմեցիք։ Ի՞նչ կար այնտեղ առավել, որ չկար այս ծրագրում:

– Նախ ասեմ, որ ծրագրի ամբողջական գնահատում է լինելու, և պարբերաբար բաժին առ բաժին հրապարակվելու է: Իսկ անցած տարի մայիսյան փոփոխության արդյունքում ձևավորվեց մի Կառավարություն, որը կոչվում էր անցումային, և որի գլխավոր նպատակն էր երկիրը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նաև մի շարք ուղղություններով իրականացնել բարեփոխումներ։ Եվ այդ ծրագրի նկատմամբ, մեծ հաշվով, չկային այնպիսի պահանջներ, որոնք մի կողմից անհրաժեշտ է երկարաժամկետ Կառավարության գործունեությունը գնահատելու համար, երկրորդ՝ ծրագիրը պետք է ամբողջությամբ համապատասխաներ արդեն 2018 թվականի ապրիլի 8-ից հետո նոր նախագահի ընտրությամբ պայմանավորված մի շարք հոդվածների և կարգավորումների՝ ուժի մեջ մտնելու հետ։ Եվ երրորդ, որ հասարակությունն իր դրական սպասելիքներն արդեն պետք է առարկայական տեսներ:

– Նոր ծրագրում այդ առարկայական սպասելիքներն ու լուծումները չկա՞ն։

– Ոչ միայն չկան, այլև նախորդ ծրագրում ամրագրված մի շարք փոփոխություններ պարզապես կյանքի չկոչվեցին: Դեկտեմբերի 9-ին ափալ-թափալ արտահերթ ընտրություններ անելու արդյունքում մի շարք ուղղություններով՝ սկսած կառավարման համակարգի բարեփոխումներից, սուպերվարչապետության ինստիտուտի վերացումից, ավարտված Ընտրական օրենսգրքի փոփոխություններով՝ այդպես էլ չիրականացվեցին: Դրա արդյունքում մենք, այս պահի դրությամբ, ունենք Կառավարության 2018 թ. չիրականացված ծրագիր: Ավելին, Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի Կառավարությունը պարտավոր է իր ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնել ԱԺ և գնահատել այդ ծրագրով ներկայացված գործողությունների վիճակը: Նաև Սահմանադրության 86-87-րդ հոդվածների համաձայն՝ պետք է 13-15 կետերի վերաբերյալ հստակ պատասխան տա, թե Կառավարության քայլերն ինչի են բերել։ Եվ սա եթե տրանսֆորմացնում ենք նոր ծրագրի վրա, տեսնում ենք, որ այդ հարցերի պատասխանները չկան:

– Կառավարությունը ծրագրում է 5 տարի հետո վերացնել ծայրահեղ աղքատությունը, էականորեն կրճատել աղքատությունը, պարբերաբար բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 43-45 տոկոսի: Չե՞ք կարծում, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է հասնելու այս ծրագրային դրույթների իրականացմանը, իրականացնելու դեպքում դա արդեն հեղափոխական արդյունք կլինի:

– Իսկ ինչո՞ւ 5 տարի հետո: Ես հենց նոր վկայակոչեցի Սահմանադրության այն նորմը, որ Կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի ներկայացնել իր կատարած աշխատանքների ցուցանիշները։ Արդեն վատ ավանդույթ է ձևավորվում, քանի որ նախորդ Կառավարության աշխատանքների վերաբերյալ չի ներկայացրել: Ընդ որում՝ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի:

– Անցած տարվանը ոչ թե տարեկան, այլ 6-7 ամսվա կամ, ինչպես դուք նշեցիք, անցումային ծրագիր էր:

– Սահմանադրությունը չի տարանջատում, թե Կառավարությունն ինչ ժամկետով է գործում, և հստակ պահանջ է սահմանում։ Դուք նշեցիք նպատակադրումներ, որոնց մասին այս ծրագրում ակնարկներ կան, բայց այն ամբիցիոզ նպատակները, որ դրել ենք մեր առաջ, հասանելի չեն լինի: Իշխող ուժի հիմնարար փաստաթղթում ասվում է՝ 20 տարի հետո կրկնապատկել բնակչությունը, որը հրաշալի նպատակ է, բայց 5 տոկոս տնտեսական աճով, ՀՆԱ-ի նկատմամբ համախառն կուտակման 23-25 տոկոս ցուցանիշով անհնար է ապահովել տնտեսական այնպիսի վիճակ, որ ներգաղթը խրախուսելի դառնա:

– Այդ նպատակի համար որքա՞ն տնտեսական աճ է անհրաժեշտ։

– Առնվազն նախատեսվածի կրկնակին: Եվ ակտիվ ժողովրդագրական քաղաքականությունը, որ պետք է լինի հիմնական գործողություն, այս ծրագրում չի երևում: Հակառակը, մենք տեսնում ենք Սփյուռքի նախարարության փակում, և դրա փոխարինում հանձնակատարի ինստիտուտով:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ Ընդհանուր ժողովին ուղղած իր ողջյունի խոսքում ձեր կուսակցությանը համագործակցելու առաջարկ էր ներկայացրել: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ համագործակցությունը:

– Համագործակցություն ասելով՝ մենք հասկանում ենք բոլոր այն ուղղությունների ու նպատակների համադրում, եթե կա համընկնող նպատակ, ամեն ինչով աջակցել, որ դա իրականանա: Բայց պետք է լինի առնվազն նույնական մոտեցում։ Այս պահի դրությամբ՝ մեր կողմից կա մտահոգություն, անհանգստություն, ինչը բարձրաձայնում ենք։ Դրական ենք գնահատում, որ վարչապետը խոսում է Արցախի Հանրապետության պաշտպանության ուժեղացման, երաշխավորությունների համակարգի մասին, բայց շատ կարևոր է, որ դրան հետևեն կոնկրետ մեխանիզմները, ինչպես, օրինակ, ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը։

Արմինե Ավետյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: