կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-26 23:11
Քաղաքական

Կառավարությունն ամեն ինչ անելու է՝ խոսքի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ:

Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Հարգելի գործընկերներ,
Ողջունում եմ ձեզ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Նախ և առաջ, թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել 2018 թվականին ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև կարծում եմ, որ մամուլի դերը, լրատվամիջոցների դերը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության գործում չափազանց մեծ էր: Իսկապես մամուլը կարողացավ կատարել այդ դերակատարումը և դառնալ վստահելի աղբյուր Հայաստանի քաղաքացիների համար, Սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկրի պատմության մեջ մամուլի դերը միշտ էլ բարձր է եղել, բայց հիմա, կարծում եմ, առավել բարձր է, որովհետև մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, իսկ այն, որ մեր երկիրը պետք է շատ հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով, կարծում եմ՝ բոլորիս էլ ակնհայտ է:

Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր: Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում և չի ձգտում միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, ինչը, իհարկե, չի կարող նշանակել, թե ամեն լրատվամիջոցի ներսում չկան ինչ-որ կանոններ և այլն, որոնք արդեն, ըստ էության, լրագրողի և լրատվամիջոցի հարաբերությունների խնդիրն են:
Բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել նաև հետևյալը. շատ դեպքերում այսօրվա մամուլում, մեր լրատվամիջոցներում զգացվում են իներցիոն ընկալումները, և դա ինչ-որ տեղ նաև հասկանալի է, որովհետև անկախությունից ի վեր մեր ընկալումները եղել են մի կաղապարի կամ ձևի մեջ, և հիմա դա շատ արագ չի կարող փոխվել: Այդպիսի, իմ ընկալմամբ և պատկերացմամբ, կանխավարկած կամ գուցե իներցիա կա, որ իշխանությունն այնպիսին է, ինչպիսին եղել է և այդպիսին շարունակելու է մնալ: Ոմանք փորձում են դա ապացուցել, ոմանք, իմ կարծիքով, ուղղակի իներցիայով ընկալում են այդպես, ինչը, համոզված եմ, ժամանակի ընթացքում կշտկվի:

Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, որոշակի շոկ է նաև մամուլի համար, որովհետև լրատվամիջոցները, մենք բոլորս սովորել էինք աշխատել մի պայմաններում, մի տրամաբանության մեջ, և ըստ էության, շատերն էին տրամադրվել, որ դեռ շատ երկար ու երկար տարիներ այդ տրամաբանության մեջ են աշխատելու և այդ պայմաններում: Անսպասելի փոփոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նկատի ունեմ դա նաև լրատվամիջոցներից շատերի համար անսպասելի փոփոխությունը, չնայած այստեղ կան մարդիկ, որ դեռ մարտին և գուցե դրանից առաջ իրենց հարցազրույցներում ասում էին, որ փոփոխություններ, իհարկե, հնարավոր են և հավանական են, բայց, այնուամենայնիվ, այդ փոփոխությունները շատ լրատվամիջոցների՝ իրենց սովորական աշխատանքի տրամաբանությունից դուրս են դրել, և որոշակի ժամանակ է հարկավոր, որ մենք բոլորս այդ իրավիճակին ադապտացվենք:

Մի բանում կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար, և, իհարկե, մենք ակնկալում ենք, որ այս հարցում կկարողանանք իսկապես արդյունավետ համագործակցություն ունենալ լրատվամիջոցների հետ:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել, շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքի համար և հույս ունենալ, որ 2019 թվականին այդ աշխատանքը կլինի առավել արդյունավետ, և մամուլը կդառնա առավել արդյունավետ միջոց հանրության համար՝ իշխանությանը, կառավարությանը վերահսկելու, վերահսկելու այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում և ստանալ օբյեկտիվ և իրական տեղեկատվություն:

Իհարկե, մեր ամենամեծ մարտահրավերը, որը ոչ միայն Հայաստանում է մարտահրավեր, այլև ամբողջ աշխարհում, այսպես ասած, «ֆեյքնյուզ» ինստիտուտի գոյացման պայմաններում ճշմարտությունը ոչ ճշմարտությունից տարբերելն է, և ես համոզված եմ, որ դուք բոլորդ, մենք բոլորս նվիրված ենք այս աշխատանքին և տրամադրված ենք համատեղ աշխատելու այդ նպատակին հասնելու համար:

Շնորհավորում եմ ձեր Նոր տարին, Ամանորը, Սուրբ Ծնունդը, շնորհավորում եմ ձեր ընտանիքների անդամների, բոլոր լրատվամիջոցների և բոլոր լրագրողների խմբագիրների և լրատվամիջոցներում աշխատող մեր բոլոր գործընկերների Նոր տարին: Հաջողակ, երջանիկ և մամուլի համար ազատ և անվտանգ տարի լինի, որովհետև միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի գործունեության նկատմամբ և լրագրողի գործունեության համար որևէ սպառնալիք չպետք է գոյություն ունենա, և, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի այս պայմաններն ապահովելու համար: Այս պայմաններն արդեն ապահովված են, և որևէ մեկը չի կարող այդ պայմանների համար ստեղծել սպառնալիք: Շնորհավորում եմ և մաղթում ամենայն հաջողություն»: