Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Ապագային միտված ծրագիր է. կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բնորոշեց ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով` ծրագրում ներառված են Հայաստանի արտաքին և ներքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը:
«Կառավարության ծրագիրը հայեցակարգային փաստաթուղթ է, այն չի կարող ներառել բոլոր ընթացակարգերը: Իմ կարծիքով` դրանում քննարկված են ներքին և արտաքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը: Կան որոշակի հարցեր, որոնք ևս լավ կլիներ, որ տեղ գտնեին, սակայն կառավարությունը գուցե փորձի դա իրականացնել հետագայում` աշխատանքային կարգով»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ խոսքը, մասնավորապես, «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունման, Սահմանադրությունում փոփոխությունների, անցումային արդարադատության մասին է, որոնք եղել են «Իմ քայլը» դաշինքի ծրագրում, սակայն կառավարության գործունեության ծրագրի նախագծում չկան:
Վարդանյանի խոսքով` թեև «անցումային արդարադատություն» եզրույթը ծրագրում չի օգտագործվում, սակայն դրա վերաբերյալ որոշակի նշումներ կան: «Բազում հատվածներ կան, որոնցում խոսվում է իշխանությունների թևերի միջև բալանսի մասին, բայց ես ձեզ ասեմ, որ կառավարության փաստաթուղթը չի կարող լինել ծրագիր ամեն ինչի մասին։ Ի վերջո, մենք չպետք է մոռանանք, որ, կառավարությունից զատ, Ազգային ժողովն էլ ունի իր օրակարգը և անելիքները։ Սա ապագային միտված լավ ծրագիր է»,- ասաց իշխանական խմբակցության պատգամավորը։
Ի տարբերություն Վարդանյանի` «Իմ քայլ»-ական մեկ այլ պատգամավոր` Նիկոլայ Բաղդասարյանը, կառավարության գործունեության ծրագրում չի նկատել «անցումային արդարադատություն» եզրույթը և պատրաստվում է դրա ու այլ խնդիրների հետ կապված հարցադրումներ ուղղել վարչապետին։ Նա նաև ասաց, թե այդպես էլ չի հասկացել` փորձո՞ւմ են ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, թե՞ գործող մարմիններով կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Ըստ Բաղդասարյանի` նոր մարմինների ստեղծման կարիք չկա, ու պետք է գործող մարմիններով պայքարել:
Մասնագիտությամբ փաստաբան պատգամավորի համար անհասկանալի է «Կոռուպցիան պետք է արժանանա հանրային լայն արգահատանքի» դրույթը: Լրագրողների` «ինչպե՞ս կմեկնաբանեք այդ միտքը» հարցին, արձագանքեց. «Պետք է ծրագիրը գրողներին հարցնել»: