Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՀՀ կառավարությունը հրապարակեց հարկային փոփոխությունների փաթեթի նախագիծը, որն ամբողջապես փոխում է երկրում առկա որոշ սեգմենտների տնտեսական վիճակը: Մասնավորապես` ընդհանուր հարկման դաշտ են բերվում մի քանի ոլորտներ, որոնց հարկային բեռն ավելանում է մի քանի անգամ, իսկ սա իր հետևից շղթայական բերելու է մատուցվող ծառայությունների գների աճ՝ ուղղակի ազդեցություն թողնելով մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Այսուհետ ընդհանուր հարկման դաշտում գործելու և ավելացված արժեքի հարկով հարկվելու են նաև հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները: Այստեղ հաշվի չի առնված այն հանգամանքը, որ փոքր տնտեսվարողները, չունենալով համապատասխան մասնագիտական ստորաբաժանումներ, օգտվում են նշված ծառայություններից և մի հարկային հաշվետվություն, մի մասնագիտական խնդրի լուծում, առհասարակ շփում պետական մարմինների հետ կատարվում է բացառապես այս ծառայությունների միջոցով, որից օգտվում է նաև պետությունը՝ ժամանակին և ճշգրիտ հաշվեգրելով պետության եկամուտները:
Պատկերացրեք մի վիճակ, երբ մի քանի մասնագետ իրար հետ հիմնում են մի կազմակերպություն, որը հաշվապահական ծառայություն պետք է մատուցի փոքր ընկերություններին: Նրանց բիզնեսի հարկային բեռը կազմում էր հասույթի 5%-ը: Հիմա, գործելով ընդհանուր հարկման դաշտում և չունենալով ԱԱՀ տեսանելի դեբետներ, նրանց մոտ կառաջանա մոտավորապես 20% վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, իսկ քանի որ համարվում է ծառայություն մատուցող և, բնականաբար, չունի հումքի ու նյութի ծախսեր, ապա կարող է ծախսագրել մի քանի հոդվածներով վարչական ծախսեր, որոնք ուղղակի մեծ արժեք չեն կարող կազմել: Սա նշանակում է, որ կգեներացնի նաև 20%-ից մի փոքր պակաս շահութահարկ (ԱԱՀ-ի և շահութահարկին վերաբերող մանր ծախսերը հաշվի չեն առնված, քանի որ գրասենյակային փոքրիկ ծախսեր են, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկերը կպակասեն 3-4%-ից ոչ ավելի): Ստացվում է, որ փոքր ընկերություններն ունենում են ամենամեծ հարկային բեռը, որն այլ հարկային պարտավորությունների հետ կգերազանցի 40%-ը: Ինչո՞ւ փոքր ընկերությունները, որովհետև դրանք ուղղակի չեն կարող մեծ ընկերություններին ծառայություն մատուցել, որովհետև մեծ ընկերությունները սովորաբար ունեն առանձնացված ստորաբաժանումներ:
Նույն պատկերն է նաև իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններում, դրանք նույնպես ընդհանուր հարկման դաշտում գործունեություն իրականացնողներ են: Կազմակերպություններ, որոնց մոտ կգեներացվեն վճարման ենթակա մեծ հարկեր, և դրանք կհայտնվեն սնանկացման եզրին:
Եկամտային հարկի` առաջարկվող համահարթեցման համաձայն` պատկերն ավելի քան վատ է. այստեղ ներդրված գործիքը, այն է` հարկել բոլորի եկամուտները նույն դրույքաչափով, հանգեցնելու է սոցիալական բևեռացման խորացմանը` հարուստն ավելի կհարստանա, իսկ աղքատն ավելի կաղքատանա: Եթե պետությունը գնում է այս անթույլատրելի համահարթեցմանը, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ վերը նշված ընդհանուր հարկման դաշտում աշխատող ընկերությունների համար հաշվի չի առնված այդ հանգամանքը, և ավելացված է փոքր ընկերությունների հարկային բեռը:
Կա նաև այլ խնդիր` կապված ակցիզային հարկերի դրուքաչափերի ահռելի և չհիմնավորված բարձրացման հետ, մասնավորապես` 2208 ծածկագրին դասվող օղիների հարկի դրույքաչափը 2019 թվականի հուլիսի 1-ից մեկ լիտրի համար կկազմի 1200 դրամ` գործող 835 դրամի փոխարեն, իսկ մինչև 2023 թվականը այն կդառնա 3430 դրամ կամ կավելանա 2.858 անգամ, իսկ 835 դրամի համեմատությամբ՝ 4.108 անգամ: Մինչդեռ եկամտային հարկի դրուքաչափը մինչև 2023 թվականը նախատեսվում է 23%-ից իջեցնել 20%-ով կամ 1.15 անգամ:
Մի հետաքրքիր դիտարկում ևս կատարենք` կապված ակցիզային հարկի հետ. այսուհետ այս հարկատեսակը վերաբերելու է նաև 2202 ծածկագրին դասվող ըմպելիքներին, և դրանց համար կգործի 30 դրամ դրույքաչափը` մեկ լիտրի հաշվարկով: Այստեղ, ըմպելիք ասելով, նկատի ունենք ջրերը՝ ներառյալ հանքային և գազավորված, շաքարի կամ այլ քաղցրացնող, համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ, նաև այլ` ոչ ալկոհոլային խմիչքները, բացառությամբ մրգային և բանջարեղենային հյութերից:
Այս ամենից կարելի է անել մի հետևություն` այս առաջարկվող գործիքը լուծում է մի կարճաժամկետ խնդիր՝ ցույց տալ քաղաքացիներին, որ եկամտահարկը նվազեցվում է մինչև 3%, բայց փոխարենը մի քանի անգամ բարձրանում են մատուցվող ծառայությունների և որոշ ապրանքների գները, կամ հարկն անհատի եկամուտներից տեղափոխվում է բիզնես: Ստացվում է, որ մեր քաղաքացին կունենա 3% հարկի չափով բարձր եկամուտ, բայց իր եկամուտներով ձեռք կբերի ավելի քիչ ապրանք և ծառայություն:
Դիտավորյալ արժեզրկում:
Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ