Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրագրողների այցելություն ՀՀ ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ` ներկայացնելու ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի նոր տեսականին, արդեն գործածության մեջ դրված նոր որակի համազգեստն ու զինվորական հանդերձանքը:
Այցելության առաջին կանգառը պարենային բազան էր: ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության մթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արամ Մարգարյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի աշնանից զինվորներին տրվելու է բնական մեղր՝ հաշվի առնելով դրա առողջարար և օգտակար հատկությունները, սակայն իմունային համակարգի ամրապնդման նպատակով ձմեռային ժամանակաշրջանի համար զինվորներն արդեն իսկ ստանում են ճարպ կամ սալ և սխտոր: Մայիսից զինվորների սննդակարգում կլինի նաև լավաշ՝ տրվող հացի 40 տոկոսի չափով:
«2018-ին սննդակարգում ավելացրել ենք նաև թանապուր, որն առաջին գծում զինծառայողներին տրվում է պատրաստի տեսակով՝ 500 գրամանոց` պլաստմասսայից տարրայով: Իսկ մշտական տեղակայման վայրերում՝ ճաշարանային բլոկներում, այն պատրաստվում է: Թանապուրը նախատեսել ենք շաբաթը մեկ անգամ՝ որպես առաջին ուտեստ: Իսկ մշտական տեղակայման վայրերում՝ ճաշարանային բլոկներում, նախատեսված է 250 գրամանոց մածուն, որից կարող են թանապուր պատրաստել: Ավելին` 2019-ի համար պլանավորում ենք պահածոյացված կարտոֆիլի տեսակ, տեխնիկական բնութագիրը մշակման փուլում է: Պահածոյացված կարտոֆիլը մարտական հերթապահության ժամանակ շատ հանգիստ կարող են օգտագործել տապակայի կամ խյուսի տեսքով: Այս տարի նախատեսել ենք նաև 7 տեսակի` արագ պատրաստվող ապուրների մատակարարման գործընթաց, ինչը հենակետում անմիջապես տաքացնելու հնարավորություն կտա: Սրանք բաղկացած են լինելու 6 տեսակի ձավարեղենից, և 7-րդ ապուրը կլինի պատրաստի բորշչ՝ չորացրած ինֆրակարմիր եղանակով: Տաքացման և եփելու պրոցեսը հեշտացված է, որպեսզի անմիջապես դրան ավելացվի անհրաժեշտ քանակի ջուր և տաքացվի: Ընտրել ենք 7 տեսակ, որ յուրաքանչյուր օր մի տեսակից օգտվեն և չհոգնեն: Իսկ ստացիոնար պայմաններում ճաշատեսակներն ամբողջովին պատրաստվում են թարմ բանջարեղենից»,-մանրամասնեց փոխգնդապետը՝ նշելով, որ լրացուցիչ չափաքանակ է նախատեսված, եթե ծառայությունն իրականացվում է 2000 մետր բարձության վրա, բնականաբար, տարանջատված է հերթապահություն իրականացնողին և չիրականացնողին տրվելիք սնունդը: Օրինակ` մարտական հերթապահության մեջ գտնվողին անհատական փաթեթավորմամբ կարագ է հատկացվում, ստացիոնարի դեպքում, ըստ սահմանված չափաքանակի, 20 կիլոգրամանոց փաթեթավորումից է առանձնացվում:
ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության մթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետը վստահեցրեց, որ բարձր որակի են նաև զինվորին տրվող մսի պահածոները:
Նշված մթերքները, ինչպես նաև զինվորի սննդակարգում առկա պահածոյացված թթուն, մուրաբաները, խավիարը, ջեմը և հյութերը, քաղցրավենիքը լրագրողները հնարավորություն ունեցան անձամբ փորձելու և տալու իրենց գնահատականը:
«Լավն է, չէ՞, նման թթու անգամ տնային պայմաններում չի ստացվում պատրաստել: Բոլորդ փորձեք պոմիդորից, վարունգից»,-առաջարկեց ներկա զինվորականներից մեկը:
Yerkir.am-ի թղթակիցը չանտեսեց սպայի առաջարկը և փորձեց պահածոյացված վարունգն ու համոզվեց՝ պնդումը համապատասխանում է իրականությանը:
Ինչ վերաբերում է հանդերձանքի փոփոխությանը, ապա Կենտրոնական իրային բաժնի ղեկավար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը հիշեցրեց, որ զինվորի ներքնաշորի փոփոխություններ են եղել՝ կիսավարտիք, շապիկ: Նա վստահեցրեց, որ այսօր ավելի լավ որակի ներքնաշոր է մատակարարվում, որը նաև գնային առումով է ձեռնտու:
«Բարձր որակի է, անցած տարվա վերջին եռամսյակից սկսել ենք մատակարարել, իսկ այս տարի լիարժեք մատակարարում եղավ: Քանի որ բամբակյա կիսավարտիք է, մեկ տարվա համար 6 հատ է տրվում, այն երկու ամիս զինվորն ի վիճակի հագել՝ լվանալով: Մինչդեռ մեկանգամյա կիսավարտիքը շաբաթական մեկն էր տրվում: Հավելեմ, որ մենք ամբողջը տալիս ենք զորամասին, որտեղ, ըստ նորմերի, հատկացում է կատարվում: Տարեվերջին տեղի է ունեցել նաև համազգեստի կտորի փոփոխություն, որը դարձյալ լավն է` որակական և գնային առումով: Կտորի ներկը կայուն է, այն մատակարարող ընկերությունն իր հավաստագրերը բերել է արտերկրից, և մեզ մոտ ևս լաբորատոր փորձաքննություն է եղել: Գունային քողարկումը նույնն է մնալու՝ հաշվի առնելով մեր լեռնային պայմանները, ընդամենը մի քիչ գույներն են մուգ դարձել: Գունային քողարկումը գուցե փոխվի 2020-ից: Նոր կտորից համազգեստը զինվորներն արդեն հագնում են, սակայն ճտքավոր կոշիկները կտրվեն ամառային զորակոչին, քանի որ մատակարարները չեն հասցրել կարել: Երբ բերեն, բաժանելու ենք»,- հայտնեց պատասխանատուն:
Դիտարկմանը, որ ծնողները դեռ ներքնաշոր են ուղարկում, փոխգնդապետը պատասխանեց, որ պատճառը և' հայկական մենթալիտետն է, և' զինվորների ծուլությունը:
«Սա անձի հետ է կապված. մենք հայկական մենթալիտետ ունենք: Իմ ծնողը արտերկրից ինձ զանգում է և ասում՝ տաք կհագնվես: Ծնողը պիտի միշտ էլ մտածի իր երեխայի մասին, այն էլ` զինվորի: Երկրորդ՝ սերունդ է փոխվել, սովոր չեն լվանալուն: Բարձր որակի կիսավարտիք է, հինգ րոպե լվանալն է, հինգ էլ` չորացնելը, քանի որ 95 տոկոսով բամբակ է: Իր լվացքատունը միայն երկրորդ բանակային կորպուսն ունի, մնացածը քաղաքացիական պայմանագրով լվացքատներ են, որ լվանում են, բայց այս տարվանից ՀՀ ԶՈՒ-ն լվացքի մեքենաներ է գնել և բաժանել ՀՀ ԶՈՒ զորամասերին. բոլորն արդեն հագեցած են կենցաղային տեխնիկայով: Զինվորը կարող է անհատական ցանցի մեջ դնել իր կիսավարտիքը և գցել մեքենայի մեջ ու հանելի»,- ասաց փոխգնդապետ Մարտիրոսյանը: