Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աժ-ում շարունակվում է 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Դրան զուգահեռ` շարունակվում է նաև իշխանություն-Էդմոն Մարուքյան բանավեճը: Այս անգամ ԼՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ իր նախկին ելույթին արձագանքած` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին` Նիկոլայ Բաղդասարյանին, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին:
«Ես այլ ելույթ էի պատրաստել, բայց չէի պատկերացնում, որ մարդու իրավունքների վերաբերյալ իմ ելույթին կարձագանքեն Լիլիթ Մակունցը, Նիկոլայ Բաղդասարանը, հետո` փոխխոսնակը: Լավ պրծանք, որ այդքանով սահմանափակվեցին»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` պետք է հասկանան` խորհրդարանական մեծամասնությունն արդեն երկար ժամանակ է, ինչ իշխանություն է: «Ո՞նց բացատրեմ. երկար ժամանակ է` ահագին վախտ ա, իշխանություն եք և իմացեք, որ, այո, ձեզ պետք է ասեն մարդու իրավունքների խախտումների հետ կապված: Որ Ալեն Սիմոնյանն ասում է` մե՞զ պետք է ասեք, այո, ձեզ ենք ասում, որովհետև դուք եք թիվ մեկ պատասխանատուն: Ես հասկանում եմ, որ մարդիկ ընդդիմություն են եղել, ակտիվիստ են եղել, լրագրող են եղել և հիմա իշխանություն են դարձել, բայց կարող է դեռ այդ ամբողջական գիտակցումը չկա, որ դու իշխանություն ես ու պատասխանատու ես ինչ-որ մեկի համար, որ, օրինակ, փնթի գործ է քննվել: Բայց այստեղ մեկ ուրիշ խնդիր կա: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այստեղից պաշտպանում է նախաքննական մարմնին: Դուք ի՞նչ իրավունք ունեք նախաքննական մարմնին պաշտպանելու, պարո'ն Բաղդասարյան, էդ ձեր գո՞րծն է»,- ասաց նա, ապա, դիմելով Ալեն Սիմոնյանին, ասաց, որ իրենք այստեղ են` իրենց առաքելությունն իրականացնելու, և այդ առաքելությունն է, որ լինեն հակակշիռ և փոխզսպող ընդդիմություն իշխանությանը` հանուն քաղաքական համակարգի, այդ թվում` իշխանության քաղաքական առողջության համար:
«Փոխանակ դուք շնորհակալ լինեք, որ մենք այս ամբիոնից այդ առողջությանը միտված ելույթներ ենք հնչեցնում, ասում եք` մի' արեք այդպես: Չի կարելի, պարո'ն Սիմոնյան, այսինքն` ի՞նչ չանենք, չաշխատե՞նք: Ի՞նչ եք ուզում անենք, ուզում եք ձեզ գովե՞նք: Պարո'ն Սիմոնյան, ասում եք` պարոն Մարուքյանը ելույթ ունեցավ, որը կոնկրետ չէ: Պարոն Մարուքյանի ելույթն այնքան կոնկրետ էր, որ եթե այդ թեզերը տարբեր ալիքների կերպով ձեզ հասան, դեռ էլի հասնելու են. եթե այս անգամ չի մարսվել, ընթացքում կմարսվի: Շատ կոնկրետ ելույթ էր, կարող եք մեկ անգամ էլ դիտել»,- շեշտեց պատգամավորը:
Մարուքյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն դիտարկմանը, թե իշխանությունը չի վերահսկում մամուլը, ասաց. «Երկար ժամանակ է` թևածում է մի ձևակերպում` մամուլը մենք չենք վերահսկում, լրատվամիջոցները չենք վերահսկում: Կներեք, մի հարց տամ` դուք ի՞նչ լծակ ունեք լրատվամիջոցներին վերահսկելու, ինչ-որ լծակ ունե՞ք: Ավելին ասեմ` դուք չեք կարող վերահսկել լրատվամիջոցները, այդտեղ տարբերություն կա: Ստացվում է` չեք վերահսկում, բայց կարող եք վերահսկե՞լ: Լավություն ենք ձեզ անում, որ չենք վերահսկում, ժողովրդին լավությո՞ւն ենք անում: Դուք չեք կարող վերահսկել, մենք նրա համար ենք, որ չկարողանաք վերահսկել: Այդ արտահայտությունը նշանակում է, որ իշխանությունը կարող է վերահսկել, բայց լավություն է անում մեզ ու չի վերահսկում: Դուք մեզ լավություն արեք` տնտեսությունը զարգացրեք, աղքատությունը կրճատեք»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը: