կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-24 14:07
Քաղաքական

ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները Կանադայի հատուկ դեսպանորդի հետ քննարկել են Հայաստանի անվտանգությանը և աջակցությանը վերաբերող հարցեր

ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները Կանադայի հատուկ դեսպանորդի հետ քննարկել են Հայաստանի անվտանգությանը և աջակցությանը վերաբերող հարցեր

ՀՅԴ Հայ Դատի Կանադայի գրասենյակը հայտնում է, որ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Հայ Դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը, համանախագահներ Շահեն Միրաքյանն ու Հրակ Տարագճյանը, Օտտավայի գրասենյակի գործավար Սեւակ Պելյանը հեռակապով հանդիպում են ունեցել ՀՀ-ում Կանադայի նորանշանակ հատուկ դեսպանորդ Սթեֆան Դիոնի եւ Կանադայի արտաքին գործոերի նախարարության գերատեսչության ներկայացուցիչների հետ։

«Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւնը ողջունեց Սթեֆան Տիոնի նշանակումը որպէս կարևոր քայլ Հայաստանի մէջ Գանատայի հետագայ դիւանագիտական ներգրաւուածութեան ծիրէն ներս` նշելով Երևանի դիմագրաւած այժմեան խնդիրները և այն առանցքային դերը, որը Գանատան պետք է ունենայ հայ ժողովուրդին օգնելու առկայ մարտահրաւէրները յաղթահարելու գործընթացին մէջ:

Հակառակ այն իրողութեան, որ դեսպանորդ Տիոնի առաքելութիւնը հիմնականօրէն ուղղուած է Հայաստանի մէջ ժողովրդավարութեան ամրապնդման, ԳՀԴՅ-ի պատուիրակութիւնը շեշտեց Հայաստանի անվտանգութեան տարբեր մարտահրաւէրներու լուծման առաջնահերթութիւնը, յատկապէս Հայաստանի հանդէպ Թուրքիոյ և Ատրպէյճանի վարչակարգերու թշնամական տրամադրութիւններու լոյսին տակ, որոնք այսօրուան դրութեամբ կը հանդիսանան ամենամեծ խոչընդոտները երկրի ներքին կայունութեան և լիակատար ժողովրդավարութեան հասնելու ճանապարհին: Ընդգծուեցաւ նաեւ, որ առանց Երևանին օգնելու լուծել իր ազգային անվտանգութեան մարտահրաւէրները՝ գործնականօրէն անկարելի պիտի ըլլայ դրական փոփոխութիւններ իրականացնել Հայաստանի կառավարման գործընթացին ու կառավարման եղանակին մէջ:

Պատուիրակութիւնը ողջունեց Գանատայի յանձնառութիւնը ուղղուած Հայաստանի մէջ ժողովրդավարական գործընթացի դրական զարգացման, յատկապէս հաշուի առնելով ՀՀ իշխանութիւններու ինքնակալական ձգտումներու, քաղաքական ընդդիմութեան հետ վատառողջ յարաբերութիւններու եւ վերջին ընտրարշաւի ընթացքին բացասական հռետորաբանութեան առկայութիւնը, միաժամանակ, ԳՀԴՅ-ի պատուիրակութիւնը շեշտեց անկախ ու պաշտպանուած դատական համակարգ և քաղաքացիական ծառայութիւն ունենալու անհրաժեշտութիւնը:

Հանդիպման աւարտին, ԳՀԴՅ-ի ներկայացուցիչները պարոն Տիոնին ներկայացուցին առաջարկներու նախնական ցուցակ և պայմանաւորուեցան շարունակել կառուցողական համագործակցութիւնը»:

Հիշեցնենք, որ հունիսին Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում այդ երկրի դեսպան և Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը հատուկ առաքելություն կիրականացնի՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական ժողովրդավարությանը: ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը ողջունել էր այս քայլը.

«Պարոն Դիոնը հայ-կանադական համայնքի վաղեմի ընկերն է, և մենք վստահ ենք, որ նրա գիտելիքի և փորձի հարստությունն անկասկած կամրապնդի Կանադա-Հայաստան հեռանկարային հարաբերությունները: Մենք անհամբեր սպասում ենք պարոն Դիոնի և նրա թիմի հետ շփվելուն առաջին իսկ հնարավորությանը և հաջողություն մաղթում նրան իր նոր դիվանագիտական գործում»,- ասված էր ՀՅԴ Հայ դատի Կանադայի Հանձնախմբի հաղորդագրության մեջ: