կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 10:45
Քաղաքական

Ու սա վերջ չունի. «Իրատես»

Ու սա վերջ չունի. «Իրատես»

«Իրատեսը» գրում է. «Պատահականությու՞ն էր` ընտրությունները դեռ չավարտված, ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չհրապարակված` հայտնի դարձավ, որ Արցախում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում, այն էլ` բանակի ղեկավարության, անվտանգության մարմինների մակարդակով։

Պատահականությու՞ն էր Մանվել Գրիգորյանի կալանքը որերորդ անգամ երկարացնելը։ Արցախի հերոս, ԵԿՄ-ի վրա մշտապես և այսօր էլ դեռևս ազդեցություն ունեցող, թո՛ղ որ «տուշոնկա գողացած», բայց հիվանդ մարդու կալանքը, որը կյանքի ու մահվան սահմանագծին է։

Պատահականությու՞ն էր, որ բանտում գտնվող Արցախի մյուս հերոս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Մարտի 1-ի գործով ապացույցների սնանկությունը փորձ է արվում փոխլրացնել փողերի լվացման «հատկանիշով»՝ ներգրավելով Արմեն Գևորգյանին այդ գործում։

Պատահականությո՞ւն էր, որ այս ընտրություններում անցողիկ շեմը «չհաղթահարեցին» նախ՝ ՀՀԿ-ն, որն Արցախի առաջին պահանջատերերից և զանգ հնչեցնողներից է, առավել ևս՝ ՀՅԴ-ն։

Պատահականությու՞ն էր, որ Սասուն Միքայելյանը «օվերտոնի պատուհանից» «ասկոլկաներով լեցուն» իր գլուխը հանեց ու ասաց՝ Ղարաբաղը հեչ, հեղափոխությունը մեջ։ ՈՒ գնաց ստանալու ամենամեծ ձայները` որպես լեգիտիմացում ասված մտքերի։
Պատահականությու՞ն էր, որ «Արցախ՝ իշխանության դիմաց» քաղաքական հայտարարություն անողները կանչվում են ԱԱԾ՝ պատասխանատվության։

Պատահականությու՞ն էր, որ իշխող ուժը ստացավ այնքան ձայն, որ կարողանա ցանկացած օրենք, միջազգային համաձայնագիր, սահմանադրական փոփոխություն միայնակ անցկացնել։

Պատահականությու՞ն է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեք տարի առաջ հնչեցրած մտքերի հիշեցումը՝ Ազատության հրապարակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հարյուրամյակն առանց ռեժիմի» (իմա՝ «Սասնա ծռերի») Բաղրամյան-26-ի գրավման մասին։ Առ այն, որ Նիկոլի խիստ սիրառատ ու խիստ ժողովրդական հեղափոխությունը շատ վաղուց պլանավորված ակցիա էր, սակայն մեծ քուրմը չէր ասել՝ ում կողմից, թեև կարելի էր հասկանալ։ 

Պատահականությու՞ն է, որ «հազար տարվա» թերթեր, այդ թվում և «Իրատես» են «ժամանում» կամ զանգահարում ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցներ՝ «բարի կամքի» և «լրացուցիչ հանգամանքներ»-փաստեր ստանալու հիմնավորմամբ վարչակարգին անհաճո նյութերի առնչությամբ»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: