կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 14:04
Իրավական

Ես երկրի հետ արդեն 5 տարի է՝ կապ չունեմ. ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնել ցանկացող նախկին ՄԻՊ

Ես երկրի հետ արդեն 5 տարի է՝ կապ չունեմ. ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնել ցանկացող նախկին ՄԻՊ

«Ես իրավաբան եմ, իսկ դա բարձր պաշտոն է, յուրաքանչյուր իրավաբանի համար պատիվ է ՄԻԵԴ դատավոր լինելը»,- այսօր ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլից հետո լրագրողներին ասաց նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ցանկանում դառնալ ՄԻԵԴ դատավոր:

 

Դիտարկմանը` նախորդ մրցույթից սկսած,  Ձեզ դիտարկում են որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի՝ Հայաստանի իշխանությունների թեկնածու, նա պատասխանեց. «Այս մրցույթին բոլորն էլ նորից մասնակցում են, ինչքան գիտեմ, ովքեր նախորդում եղել են։ Դա ձեր մոտեցումն է՝ ես իշխանության ներկայացուցիչն եմ, թե` չէ։ Ես իշխանությունների հետ և երկրի հետ արդեն 5 տարի է՝ կապ չունեմ։ Եվ ասեմ ձեզ նաև՝ անկախ նրանից՝ ես կընտրվե՞մ, թե՞ կմնամ ՄԱԿ-ում, ես Հայաստան վերադառնալու որևէ նպատակ, մտադրություն չունեմ, և արդեն իմ ընտանիքի անդամներն էլ են մեկնում։ Այնպես որ՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

 

Հարցին՝ որքանո՞վ կարող է մրցութային հանձնաժողովն օբյեկտիվ լինել, եթե հանձնաժողովի անդամներից մի քանիսի ենթակաները հավակնորդների ցուցակում են, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Դուք այստեղ` այս հանձնաժողովում, ունեք այն բոլոր մարդկանց, որոնք ի պաշտոնե առնչվում են այս գործի հետ, և այդ տեսակետից` ինչո՞ւ պետք է օբյեկտիվ չլինեն: Այսինքն՝ որո՞նք են այդ մարդիկ՝ արդարության մարմնավորումները, որ եթե նրանք լինեին, կարելի էր, ասենք, հավատալ, որ օբյեկտիվ է լինելու հանձնաժողովը»:

 

Հարցազրույցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Արմեն Հարությունյանին խնդրեց ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 24 տարիների ընթացքում գրանցված խտրականության, անարդարության և հակաժողովրդավարության դեպքեր: Որպես անարդարության դեպք` Արմեն Հարությունյանը նշեց Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ տեղի ունեցած դեպքերը, երբ մարդկանց հեռացրել են իրենց բնակարաններից, որպես հակաժողովրդավարության դեպք՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները:

 

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք 2008թ. մարտի 1-ից հետո իրավապահների կողմից կատարված աշխատանքը ամբողջական գնահատական տվեց այդ իրադարձություններին, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Եթե տված լիներ, ես այսօր դրա մասին չէի խոսի»:

 

Նշենք, որ այս փուլը տևելու է երկու օր, ավարտվելու է փետրվարի 27-ին: Հարցազրույցի նպատակը հարցազրույցի մասնակցի՝ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետորեն գործելու համար անհրաժեշտ անձնական հատկանիշների, մասնագիտական որակների և լեզվական կարողությունների գնահատումն է: