կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-17 19:19
Քաղաքական

Ընտրակաշառք` Փաշինյանից

Ընտրակաշառք` Փաշինյանից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուշացած կոչը, ուղղված հայրենակիցներին, ժպիտ է շարժում: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ ընտրակաշառք և պետական ռեսուրսի չարաշահման բացառիկ դեպք:

Դատեք ինքներդ.

«Սիրելի հայրենակիցներ. Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել cv@gov.am էլեկտրոնային հասցեին: Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու եւ նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար: Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության եւ նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ եւ մոտիվացված լինելու մեջ: Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է եւ խնդրում եմ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետեւողականությամբ դուք որեւէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաեւ սեփական օրինակով:

Լավ եղեք:

Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ»:

Կարծում եմ՝ ԿԸՀ-ն և մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր են լրջորեն ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի այս կոչն ու անել անհրաժեշտ հետևություններ, ընդհուպ՝ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու ուղղությամբ:

Կարծում եմ՝ շատ խելք պետք չէ հասկանալու համար Փաշինյանի՝ նախընտրական այս մեկ քայլանոց «կոմբինացիայի» բուն նպատակը՝ դիմումներով, CV-ներով եկեք վարչապետին կից խմբի մոտ, ու մենք կտեսնենք, թե ինչ կարելի է անել ձեր հետագա զբաղվածության և պաշտոնի հարցերով: Եվ սա այն բանից հետո, երբ հրապարակել ես նախընտրական ցուցակդ, որից դուրս են մնացել նույն այդ կարող, խելացի և ընդունակ մարդիկ:

Ժամանակին Փաշինյանը մեկ անգամ չէ, որ նախկին իշխանություններին մեղադրել է պետական ռեսուրսը կուսակցության շահերին ծառայեցնելու համար: Հիմա ճիշտ պահն է Փաշինյանին ասելու, որ նա այդ նույն բանն անում է բացահայտ, դույզն-ինչ չնեղվելով այն բանից, որ դա նույնիսկ օրենքով հետապնդելի արարք է:

Իր կոչը Փաշինյանն ստորագրել է. «Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ», չնայած, որ այն տարածվել է նոյեմբերի 17-ին, երբ նա ԱԺ հայտնի քվեարկություններից հետո այլևս վարչապետ չէ, այլ ընդամենը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Թե ով կլինի ՀՀ հաջորդ վարչապետը, ցույց կտան ԱԺ արտահերթ ընտրությունները, իսկ դրա համար դեռ պետք է ապրել մինչև դեկտեմբերի 9-ը:

Լավ եղեք:

Էդիկ Անդրեասյան