կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-09 13:37
Աշխարհ

ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ

ԼՂ հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանը ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել իրադրությունն ու բանակցությունների համար ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը: 

«Որպես համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը՝ վերահաստատելով իր ամուր աջակցությունը նրանց աշխատանքին: Մենք գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով ձեր համագործակցությունը կողմերի հետ: Մենք շնորհակալ ենք բոլորիդ, այդ թվում` Բարձր մակարդակի պլանավորման խմբին, զեկույցների ու թարմացումների համար»,- ասել է նա:

Մակրիսն ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ին ոգևորել են երկրների ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով վերջին կառուցողական շփումները, որոնք, ըստ նրա, «ուղղակի ու դրական դիվիդենդներ են տալիս»:

«Թե' երեք համանախագահները, թե' գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտնել են, որ վերջին երկու ամիսներին շփման գծում և հակամարտությունից տուժած գոտիներում բռնության նվազեցում է նկատվում: Կողմերը պետք է օգտվեն ընձեռված հնարավորությունից` գտնել հակամարտության կարգավորումն առաջ մղելու ուղիներ»,- ասել է նա:

Ըստ Մակրիսի` համանախագահները  կողմերին առաջարկել են լարվածության թուլացման ու հաղորդակցման բարելավման մի քանի քայլեր, որոնց աջակցում է ԱՄՆ-ը:

«Այս հակամարտությունն արդեն շատ երկար է շարունակվում: Ժամանակն է, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և նախապատրաստեն իրենց բնակչությանը խաղաղությանը: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:  Մենք մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,-նշել է նա` հավելելով, որ հենց այդ պտճառով էլ  ԱՄՆ-ն իր բարձրաստիճան պատվիրակներին` նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին և փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթին ուղարկել է Հայաստան ու Ադրբեջան:

«Միացյալ Նահանգները կիսում է այն տեսակետը, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: Ստատուս քվոն անընդունելի է: Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ հանուն տևական ու խաղաղ հանգուցալուծման, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա, ինչպես նշվում է Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ասել է Մակրիսը: