Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանը քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Համաներման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ընդունվեց 72 կողմ ձայնով:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համաներումը միշտ էլ դրական երևույթ է, որովհետև մարդասիրական ակցիա է, և բնական է, որ իրենք կողմ էին քվեարկելու: «Իհարկե, տուժողների իրավունքները պաշտպանելու հետ կապված խնդիր կա, որի վերաբերյալ արմատական լուծումներ պետք է գտնել, որովհետև պետությունը համաներումն իրականացնելիս պարտավոր է նաև հատուցման հարցերը լուծել: Այս հարցը բաց է մնացել, բայց դա այսօրվա խնդիր չէ, վաղուց առաջացած խնդիր է, և այդ հարցի լուծումը առաջիկայում կգտնվի»,- ասաց նա:
Պատգամավորից հետաքրքվեցինք` ի՞նչ կարծիք ունի ցմահ ազատազրկվածների համաներման հարցի հետ կապված, քանի որ նրանք չեն ընդգրկվել համաներվողների ցուցակում, և այսօր ցմահ ազատազրկվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի մոտ: Ռուստամյանը պատասխանեց. «Ցավում եմ, որ ցմահ դատապարտվածների հետ կապված համաներման լուծում չկա, որովհետև առաջարկ կար պատգամավորների կողմից, որ նրանք նույնպես ընդգրկվեին ցուցակում, բայց այս նախագծի տրամաբանությունը, տենդենցը դրական եմ համարում, որովհետև արդեն վաղաժամկետ ազատման փաստ կա»:
Ռուստամյանի կարծիքով` համաներումը շարունակական բնույթ պետք է ունենա, որովհետև կան մարդիկ, որ իսկապես հասկանալի չէ, թե ինչ գործերով և ինչ հիմքերով են ժամանակին դատապարտվել ծանր պատժի: «Բացի այդ` պետք է հնարավորություն տալ, և աշխարհի պրակտիկան է դա, որ նրանք կարողանան վաղաժամկետ ազատվել, ներման հնարավորություն ունենալ»,- ասաց պատգամավորը: