Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Սիմոն Մանուկյանը դեռ հուլիս ամսին տարօրինակ պատմության մեջ ընկավ: Նա կասկածվում էր յուրացում կատարելու մեջ, փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել:
Խնդիրն այն է, որ տնօրենը, որպես սանիտար, աշխատանքի է հրամանագրել Արթիկ քաղաքի մի բնակչուհու, որը աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ: Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ այդ աշխատակցուհուն վճարվել է ավելի քան 2.3 մլն դրամ գումար:
Նշենք, որ, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հետ կապված, հուլիսի 24-ին Սիմոն Մանուկյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից, սակայն շարունակում է աշխատել հիվանդանոցում` որպես բժիշկ:
Նոյեմբերի 9-ին հայտարարվել է մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար: Հոկտեմբերի 8-ը դիմումների ընդունման վերջնաժամկետն է:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի նախկին տնօրենը նշեց, որ ինքն էլ է դիմել մրցույթին: Իսկ թե ի՞նչ ընթացքի մեջ է քրեական գործը, Մանուկյանը պատասխանեց, որ տեղյակ չէ՝ այն կարճվե՞լ է, թե՞ ոչ, սակայն ինքը փոխհատուցել է որոշակի գումար:
«Իմ մեղավորությունը, այո, կար: Խնդիրն այն է, որ ես, որպես սանիտար, մեկին աշխատանքի էի ընդունել, նա էլ երեխա-մայր էր, երբ չէր հասցնում, սկեսուրն էր գալիս, մաքրություն անում: Իրար փոխարինելով` աշխատում էին, բայց մեզ մոտ ձևակերպված էր միայն հարսը՝ մեկ դրույքով: Ինձ հետաքրքրում էր աշխատանքը, որն էլ արվում էր, դե երեխա-մայր էր, չէր հասցնում հաճախ գալ, ու դրա համար սկեսուրն էր գալիս: Աշխատանքային օրենսգրքով, սակայն, գիտեմ, որ նման բան չի կարելի, դրա համար էլ փոխհատուցեցի: Յուրացում չէր եղել, բնականաբար»,- ասաց Մանուկյանը:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ Սիմոն Մանուկյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է:
Նշենք նաև, որ ԲԿ-ի աշխատակիցները դեռ հուլիսին հանդիպել էին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ՝ խնդրելով, որպեսզի նա երկարացնի Սիմոն Մանուկյանի պայմանագիրը, սակայն մարզպետն ասել էր, թե անհնար է, քանի որ տնօրենը խախտումներով է աշխատել, չարաշահումներ են եղել, ինքը՝ որպես մարզպետ, չի ցանկանում, որպեսզի Սիմոնյանը շարունակի աշխատել` որպես տնօրեն: