կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-24 21:58
Իրավական

Սոցցանցերում հանցագործության մասին վերացական հաղորդումները չեն կարող ստուգվել որպես քրգործ հարուցելու օրինական առիթ. ոստիկանություն

Սոցցանցերում հանցագործության մասին վերացական հաղորդումները չեն կարող ստուգվել որպես քրգործ հարուցելու օրինական առիթ. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից հանցագործության մասին վերացական հաղորդումները չեն կարող գնահատվել և ստուգվել որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթներ: Բացառություն են կազմում էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցների այն հաղորդումները, որոնք սոցիալական ցանցերում շրջանառվում են որպես հանցագործության մասին հաղորդումներ, և դրանց բովանդակությանը բնորոշ է կոնկրետությունն ու առերևույթ հանցագործության հատկանիշների նկարագրությունը: 
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ստուգվում են էլեկտրոնային լրատվամիջոցների այն բոլոր հաղորդումները, որոնցով հնարավոր է նույնականացնել հանցագործության դեպքը կամ հանցագործություն կատարող ենթադրյալ անձանց կամ հանցագործության վայրը, ժամանակը, եղանակը:

Միաժամանակ պարզաբանում ենք, որ սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել այն անձինք, ովքեր, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելով, հաղորդումները հասցեագրում են իրավապահ մարմիններին:
analitik.am կայքի «Պահանջում ենք քրեական գործ հարուցել և պարզել Գարեգին 2-րդի դեմ հնչեցված մեղադրանքների իսկության հարցը» վերտառությամբ հոդվածում (https://analitik.am/news/view/417126) նշված տեղեկությունը ենթադրյալ հանցագործության մասին վերացական հաղորդում է, որի վերաբերյալ քրեադատավարական ստուգում չի իրականացվելու: