Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռ նախորդ շաբաթվա սկզբին նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպումների նպատակով մեկնեց արտերկիր: Նա արդեն հասցրել է լինել Միացյալ Թագավորությունում եւ Ֆրանսիայում: Միացյալ Թագավորությունում պաշտոնական եւ ոչ պաշտոնական ձեւաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել, իսկ Փարիզում Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, եւ ինչպես նշված է նախագահականի կայքում, նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի մրցակցային առավելությունները եւ քննարկել ներդրումային հնարավորությունները:
Արդեն երեկ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայից մեկնել է ԱՄՆ: Նախագահականի կայքում այս հանդիպումների մասին մի ուշագրավ ձեւակերպում էլ կա` նշված երկրներում գտնվելու ընթացքում հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումներն այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:
Արմեն Սարգսյանի այս ակտիվությունն ակնհայտորեն դուր չէր եկել կառավարությանը: Արմեն Սարգսյանի` արտերկիր մեկնելուց օրեր անց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Արմենպրես»–ի հետ զրույցում հարկ էր համարել հիշեցնել ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 2-րդ կետը, որը, ըստ խոսնակի ձեւակերպման, հստակ սահմանում է, որ պետության արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարությունը, «հետեւաբար` յուրաքանչյուր պետական պաշտոնյայի արտաքին քաղաքական գործունեություն պետք է համաձայնեցված լինի կառավարության, նրա ղեկավարի՝ ՀՀ վարչապետի հետ եւ տեղի ունենա նրա համաձայնությամբ կամ հանձնարարությամբ»: «Հայաստանի Հանրապետության նախագահի՝ արտաքին քաղաքականության հետ առնչություն ունեցող այցերը պետք է դիտարկել հենց վերը նշված համատեքստում»,- ասել էր վարչապետի խոսնակը:
Նախագահականի հասարակայնության հետ կապերի վարչությունից Yerkir.am-ը փորձեց պարզել, թե, ի վերջո, այդ այցերը համաձայնեցվա՞ծ են եղել վարչապետի հետ, թե՞ ոչ:
«Հայաստանի Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում: Հանրապետության նախագահի արտերկրյա այցերը տեղի են ունենում համակարգված եւ փոխհամաձայնեցված կերպով»,- հայտնեցին նախագահականից:
Նշենք, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Սարգսյանն այլ օտարերկրյա այցեր էլ ունի: Թե ինչքա՞ն կձգվի նախագահ-վարչապետ լուռ համակարտությունը, դժվար է կանխագուշակել: