կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-18 15:51
Հասարակություն

60 մարդ թունավորվել էր սենդվիչներից. Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը կասեցվել է

60 մարդ թունավորվել էր սենդվիչներից. Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը կասեցվել է

Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, մասնագետները պարզել են, որ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին մատակարարել է 247 խոհարարական արտադրանք (հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ):

Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է:

Իրականացվող միջոցառումների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, վերահսկողական գործողություններ են իրականացվում նաև Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերքի մատակարարող «ԱլկաՖուդ» ՍՊԸ-ում: Արդյունքերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

ՍԱՊԾ