կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-30 16:36
Քաղաքական

Հարցի պատասխանը կարող էիք փակել այսպես՝ Սերժը ճիշտ էր, ես սխալվեցի. Աշոտյանը՝ Փաշինյանին

Հարցի պատասխանը կարող էիք փակել այսպես՝ Սերժը ճիշտ էր, ես սխալվեցի. Աշոտյանը՝ Փաշինյանին

Տեղեկացրել էինք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:

Արմեն Աշոտյանը Փաշինյանին հիշեցրեց, որ 2017-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում նա հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է՝ գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեզ վրա և այլն:  Նա հիշեցրեց նաև, որ այդ նույն օրը Փաշինյանը հայտարարել էր նաև, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին, բացի վնասից, ոչ մի օգուտ չի բերել, կամ էլ՝ ԵԱՏՄ անդամակցումից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել:

Աշոտյանը երեք հարց ուղղեց Փաշինյանին: «Հիմա` ի՞նչ փոխվեց այս ընթացքում, երբ այսօր այդ գնահատականները չեն հնչում: Բացի այդ՝ Դուք միայնակ չեք, և շարժումն ունի քաղաքական թիմ, գաղտնիք չէ, որ այդ թիմում շատ են նաև արևմտյան հայացքներ ունեցող գործընկերներ, որոնք անգամ Ձեր այդ հայտարարություններից հետո տարածում են այլ տեսակի քաղաքական մեսիջներ, թույլ տվեք ասել՝ հակառուսական: Եվ երրորդը վերաբերում է ԵՄ-ին. նույն այդ քննարկման ժամանակ Դուք ասել եք, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը ջուր է, պետք է պատրաստվի ասոցացման, ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր ԵՄ-ի հետ: Արդյո՞ք վարչապետ ընտրվելու դեպքում Դուք մտադրություն ունեք զրոյացնել ԵՄ-ի հետ արդեն ստորագրված համաձայնագիրը և, առաջ անցնելով, ստորագրել նոր համաձայնագիր»:

Փաշինյանը պատասխանեց, որ այժմ նոր քաղաքական իրողություն ունենք, և ցանկացած քաղաքական ու պետական գործիչ պետք է հաշվի նստի իրողությունների հետ, դրանց համատեքստում կազմակերպի իր ծառայությունը սեփական պետությանն ու ժողովրդին: «Մեր շարժման հետ կապված ցանկացած նման ձևակերպում՝ ռուսամետ, արևմտամետ կամ ամերիկամետ, սխալ ձևակերպում է, քանի որ մեր շարժումը եղել է, կա ու կշարունակի մնալ հայամետ: Այնպես որ՝ ձեր ցանկացած նման տպավորություն թյուր է: Իսկ ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, հայտարարել եմ մեր պատկերացումների մասին՝ պետք է զարգացնենք մեր հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, սակայն դա չպետք է արվի մեկը մյուսի հաշվին: Կարծում եմ՝ ինչքան էլ ձեր գնահատականն այլ լինի, որևէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ և ամբողջությամբ օգտագործված չէ, ինչն էլ, ըստ էության, կփորձենք անել»,- ասաց նա:

Աշոտյանը նշեց նաև, որ ուզում է մեջբերել նաև Փաշինյանի՝ ապրիլյան պատերազմին տված գնահատականը` «ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր»: «Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս և իր հայտարարության մեջ ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, այս բոլոր հարցերի պատասխանը կարելի էր փակել այսպես՝ Սերժը ճիշտ էր, ես սխալվեցի, այլ ոչ թե ասել՝ իրավիճակ է փոխվել»,- ասաց Աշոտյանը:

Փաշինյանը պատասխանեց, որ սա իր հրաժարականի տեքստը չէր, որ նման հայտարարություն աներ:

Աշոտյանը շարունակեց՝ ասելով, որ, իհարկե, ունի իր տեսակետը Փաշինյանի հայացքների կտրուկ շրջադարձի վերաբերյալ, և եթե առիթ լինի, վաղը կարող է գնահատականներ տալ: «Պարզապես ևս մեկ անգամ փաստեմ, որ նման շրջադարձ, մասնագիտական առումով, ինձ համար համոզիչ չէր»,- ասաց նա:

Փաշինյանն արձագանքեց, որ կան դեպքեր, երբ քաղաքական իրողություններն ավելի ծանրակշիռ են գտնվում պետության և իշխանության ղեկին գտնվող մարդկանց համար, քան դրանից առաջ նրանց արած հայտարարությունները, որոնք եղել են այս կամ այն կոնտեքստում: «Պետության կառավարումը, առաջին հերթին, իրողությունների հետ հաշվի նստելն է»,- ասաց նա: