կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-04 13:43
Տնտեսական

ՀՅԴ վերլուծությունից հետո ստուգումներ են սկսվել սուպերմարկետներում

ՀՅԴ վերլուծությունից հետո ստուգումներ են սկսվել սուպերմարկետներում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով վերլուծությունից հետո ստուգումներ են սկսվել խոշոր առևտրային ցանցերում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա` ՊԵԿ-ի իրականացրած ստուգումների արդյունքում «Երևան Սիթի» սուպերմարկետում չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել:

Սուրեն Պարսյանը նշեց, որ մեծածախ առևտրի ոլորտում ներկայումս գործում են 4 խոշոր առևտրային ցանցեր՝ «Երևան Սիթի»-ն, ՍԱՍ-ը, «Նոր Զովք»-ը և «Կրպակ»-ը: Ըստ նրա` այս ոլորտում «Երևան Սիթի»-ի ազդեցությունն ավելի կմեծանա այն բանից հետո, երբ «Կրպակ» սուպերմարկետները դառնան «Երևան Սիթի»:

Պարսյանի խոսքով` մեր երկրում արագ տեմպերով խոշորացվում է մանրածախ առևտուրը, ինչը մեծ վնաս է հասցնում փոքր և միջին խանութներին, մատակարարներին և արտադրողներին: Ներկայումս սուպերմարկետները, իրենց մրցակցային առավելություններով հանդերձ, անդառնալի վնաս են հասցնում փոքր և միջին խանութներին:

Նշենք, որ 2017թ.-ի ընթացքում մանրածախ առևտուրը գրանցել է 5,5 տոկոս աճ այն դեպքում, երբ առևտրի օբյեկտների թվաքանակը կրճատվել է 3,5 տոկոսով: Հիմնականում գործունեությունը դադարեցրել են փոքր և միջին խանութները, կրպակները:

«Եթե չկարողանանք զսպել մանրածախ շուկայի մենաշնորհացումը, անընդհատ սոցիալական խնդիրներ ենք ունենալու: Փոքր և միջին բիզնեսն է, որ Հայաստանում միջին խավ է ապահովում, և մենք պետք է պաշտպանենք փոքր ու միջին բիզնեսը»,- նշեց Պարսյանը:

Ըստ նրա`  առևտրային օբյեկտները դասակարգելու խնդիր կա, որպեսզի որոշվի բնակչության` առևտրային օբյեկտներով բավարարության նորմը: Մասնավորապես՝ նպատակահարմար է սահմանել «մանրածախ առևտուր» հասկացությունը, դասակարգել առևտրի օբյեկտները` ըստ չափերի, և լուծել դրանց տեղաբաշխման հարցը, սահմանել լրացուցիչ հարկեր առևտրային ցանցերի խոշորացման և ընդլայնման դեպքում, սահմանափակել մեծածախ վաճառողների գործունեությունը մանրածախ շուկայում, կանոնակարգել ապրանքների մատակարարման պայմանագրերի վճարման ժամկետները, սահմանել առևտրային զեղչերի տեսակների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ դրույթները և այլն:

«Օրինակ` եվրոպական երկրներում նման նորմերով է որոշվում տվյալ սուպերմարկետի տեղակայումը: Եթե թույլ ես տալիս առևտրային կենտրոնի գործունեությունը, նշանակում է` խնդիր ես առաջացնում ազգաբնակչության համար, օրինակ` երթևեկության կազմակերպման առումով»,- ասաց տնտեսագետը` նշելով, որ առևտրային կենտրոնները պետք է ապահովված լինեն պատշաճ ենթակառուցվածքներով:

Օրինակ բերելով ԱՄՆ-ում գործող օրենսդրությունը` Պարսյանը նշեց, որ այնտեղ երեք և ավելի խանութներ ունեցող առևտրային ցանցերը լրացուցիչ հարկ են վճարում, ինչը խոշորացումը զսպող գործիք է: Ըստ նրա` որոշ երկրներում էլ սահմանափակումներ կան աշխատաժամերի առումով: Մասնավորապես` Դանիայում և Ֆինլանդիայում սուպերմարկետները կամ այլ խոշոր առևտրային կենտրոնները շաբաթ և կիրակի դադարեցնում են իրենց գործունեությունը, բացի տուրիստական ժամանակաշրջաններից:

«Մեզ մոտ առևտրային ցանցերի գործունեությունն ամբողջությամբ ազատականացված է: Երևանում կան այնպիսի առևտրային կենտրոններ, որոնք չունեն նորմալ ավտոկայանատեղի, ենթակառուցմվածքներ, սակայն գործում են»,- նշեց նա:

Պարսյանի խոսքով` պետք է գործուն քայլեր իրականացվեն հակամենաշնորհային քաղաքականության ուղղությամբ, որոնք այս ոլորտում կձևավորեն առողջ մրցակցային միջավայր: