կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 16:53
Հասարակություն

ՊԵԿ-ը խոշոր սուպերմարկետներում չգրանցված աշխատողներ չի հայտնաբերել

ՊԵԿ-ը խոշոր սուպերմարկետներում չգրանցված աշխատողներ չի հայտնաբերել

Yerkir.am-ի տեղեկություններով` այս տարվա ապրիլի սկզբին ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել հայաստանյան խոշորագույն սուպերմարկետների ցանցերից մեկում` «Երևան Սիթի»-ում, և չգրանցված աշխատողներ հայտնաբերել: Արդյունքում` մոտ 7 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել, ինչի մասին անհասկանալի պատճառներով չի բարձրաձայնվել:

Այս կապակցությամբ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե` ճշտելու, թե 2018թ. 5 ամիսներին քանի՞ չգրանցված աշխատող է հայտնաբերվել ՀՀ խոշորագույն առևտրային կենտրոններում, այդ թվում` «Երևան Սիթի»-ում:

Ի զարմանս մեզ` ՊԵԿ-ից հայտնեցին, որ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում գործող 4 խոշոր առևտրային ցանցերում՝ «Երևան Սիթի»-ում, ՍԱՍ-ում, «Նոր Զովք»-ում և «Կրպակ»-ում, իրականացված ստուգումների արդյունքում ՊԵԿ-ը չգրանցված աշխատողներ չի հայտնաբերել:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով վերլուծությունից հետո ստուգումներ էին սկսվել խոշոր առևտրային ցանցերում: Հիշյալ վերլուծության արդյունքում առանձացվել էին մանրածախ առևտրի ոլորտի զարգացումը սահմանափակող մի շարք խորչընդոտներ, այդ թվում` չգրանցված աշխատողների առկայության և անչափահասների աշխատանքային պայմանները չապահովելու ռիսկերը և այլն:

Փոխարենը ՊԵԿ-ից մեզ հայտնեցին, որ 2018թ. առաջին հինգ ամիսների ընթացքում իրենց կողմից իրականացված հարկային հսկողության արդյունքում ՀՀ-ում հայտնաբերվել է 717 չգրանցված աշխատող: Թե կոնկրետ ո՞ր ոլորտներում են հայտնաբերվել չգրանցված աշխատողներ, ՊԵԿ-ը չի մանրամասնել:

«Նշված ժամանակահատվածում չգրանցված աշխատողների հայտնաբերման արդյունքում արձանագրվել է 125 760 000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Նշենք, որ նախորդ` 2017թ. ՀՀ-ում հայտնաբերվել է 1923 չգրանցված աշխատող, որոնց մասով արձանագրվել է 374 820 000 դրամի հարկային պարտավորություն:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱԱԾ-ն օպերացիա էր իրականացրել հայաստանյան խոշորագույն տնտեսվարող սուբյեկտներից մեկում` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում: Կատարված բացահայտումները, սակայն, վերաբերում էին միայն հայտնի սխեմաների միջոցով 461 ԱՁ-ների գրանցմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքին: Չգրանցված աշխատողների հնարավոր առկայության փաստն, ըստ էության, վրիպել կամ չի էլ հայտնվել ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում: