կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-27 16:26
Հասարակություն

Աշխատանքային հանդիպում Չինաստանի դեսպանի հետ

Աշխատանքային հանդիպում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Թիեն Ըրլոնգին:

Աշխատանքային կարգով քննարկվել են Չինաստանի հետ  համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես  անդրադարձ է եղել միջպետական  ծրագրերով Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում  նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ  2018 թվականի հունվարից գործողության մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջները իրավական նոր կարգավորումների անհրաժեշտություն են առաջացնում միջպետական ծրագրերով օտարերկրյա բուհերում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ զինապարտ քաղաքացիների համար:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ Թիեն Ըրլոնգը հույս է հայտնել, որ կրթության բնագավառում առկա  գործնական համագործակցությունն իր շարունակությունը կունենա հետագա տարիներին ևս:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում կառուցվող չինական դպրոցի շինարարության ընթացքին, նշվել է, որ նախատեսված  ժամկետում՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին դպրոցը պատրաստ կլինի ընդունել առաջին աշակերտներին: Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և հայ-չինական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

ՀՀ ԿԳՆ