կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-11 13:36
Իրավական

Պռոշյանի գյուղապետի սպանության գործն Արայիկ Պետրոսյանի մասով հեռանկար չունի. փաստաբան

Պռոշյանի գյուղապետի սպանության գործն Արայիկ Պետրոսյանի մասով  հեռանկար չունի. փաստաբան

Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով 9-ամսյա կալանքից հետո ազատ արձակված,  սակայն դեռևս մեղադրյալի կարգավիճակում գտնվող Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը վստահ է, որ շուտով իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի:

 

«Գրեթե վստահ եմ, որ այդ գործն Արայիկ Պետրոսյանի մասով դատական հեռանկար չունի, և վաղ, թե ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է ընդունվելու»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ` Արայիկ Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ` նրա մասնակցությունը Հրաչ Մուրադյանի սպանության գործում չհաստատվելու հիմքով:

 

«Բառացի գրված է, որ սպանություն կատարելու գործում նրա մասնակցության վերաբերյալ որևէ փաստ չի հիմնավորվել, այժմ նախաքննական մարմինը,  տակտիկական նկատառումներից ելնելով, որոշել է այլ խափանման միջոց ընտրել»,- նշեց Նորիկյանը:

 

Փաստաբանը տեղեկացրեց, որ, ինչպես նախկինում, այժմ էլ իր պաշտպանյալի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, և իրենք սպասում են հանցագործության ամբողջական բացահայտմանը:

 

«Վստահ եմ` եթե նախաքննական մարմինը Արայիկ Պետրոսյանի մեղավորության մասով դույզն-ինչ կասկած ունենար, նման խափանման միջոց չէին ընդունի»,- ընդգծեց նա: