կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-29 12:33
Իրավական

Ամուսնու սպանության մեջ մեղադրվող Ճաճոյի Էդոյի հարսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Ամուսնու սպանության մեջ մեղադրվող Ճաճոյի Էդոյի հարսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

2017 թվականի մայիսի 25-ին Լոռու մարզում քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ սպանության մեջ մեղադրվող նրա կնոջ՝ Լիանա Կիրակոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը` դադարեցվել:

Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Կիրակոսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Նման որոշում երեկ կայացրել է Լոռու մարզի նորանշանակ դատախազ Արսեն Մարտիրոսյանը: Փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր համար այդ որոշումն անսպասելի էր, քանի որ նոյեմբերի 24-ին այս գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, և քրեական գործն ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ, համաձայն փորձագետների եզրակացության, մեղադրյալը դեպքի պահին եղել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Հիշեցնենք, որ Ճաճոյի Էդոյի որդու՝ Լոռու մարզի բնակիչ Տիգրան Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2017 թվականի մայիսի 25-ին՝ կեսգիշերին, նրա տան տարածքում։ Նախնական տվյալներով՝ նա կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքները ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան:

Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը: