Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին, ասաց, որ մեր տնտեսվարողների շահերը պաշտպանելու խնդիր ունենք: Նրա խոսքով՝ հարկային տեսուչները, ստուգելով տնտեսվարողին, գրում են համապատասխան ակտ, ապա տնտեսվարողը գանգատարկում է և դիմում դատարան, սակայն հարկային ծառայությունը, չսպասելով արդյունքներին, դիմում է քննչական կոմիտե և լրացուցիչ ճնշում գործադրում տնտեսվարողի վրա:
«Ինչպե՞ս եք բացատրում այս երևույթը, երբ երեկվա դրությամբ Արամյանը նշեց, որ ներդրումներ սպասվում են` ընդամենը 0.2 կետով ավելացում: Արդյո՞ք այս գործելակերպը ներդրողներ կբերի մեր հանրապետություն»,- հարցեց պատգամավորը` հավելելով, որ տնտեսվարողին 27 կողմից հարձակման են ենթարկում:
ՊԵԿ փոխնախագահը համաձայն չէր պատգամավորի հետ: Նա նշեց, որ այդ բառերով չէր բնութագրի իրենց կողմից իրականացվող վարչարարությունը, և տնտեսվարող սուբյեկտներին ճնշելու մասին որևէ խոսք լինել չի կարող:
«Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում են խախտումներ և կազմվում են ստուգման ակտեր, ապա, զուգահեռաբար, եթե խախտման չափը կազմում է 4 մլն դրամ, իրականացվում է նաև համապատասխան քրեական վարույթ»,- ասաց Միրումյանը, ապա հավելեց, որ դա չի նշանակում, թե քրեական վարույթը շարունակվում է: Նրա խոսքով՝ քանի դեռ այդ վարչական ակտը չի դարձել անբողոքարկելի, այն մնում է կասեցված` մինչև համապատասխան որոշումը: «Թե ի՞նչ ճնշումների մասին ենք խոսում, ինձ համար անհասկանալի է»,- ասաց Միրումյանը:
Բագրատյանը նշեց, որ կներկայացնի կոնկրետ փաստեր: «Այսօր բազմաթիվ տնտեսվարողներ բողոքում են, որ միտումնավորություն կա` 4 մլն-ից ավելի գրելու, որպեսզի քննչական մարմիններին ներգրավեք ձեր ստուգման մեջ և ճնշեք, որպեսզի տնտեսվարողն ընդունի ձեր ակտերը»,- ասաց պատգամավորը:
Սա դուր չեկավ քննարկմանը ներկա` ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին, նա միջամտեց. «Ե՞րբ է եղել նման դեպք»:
Բագրատյանը հետաքրքվեց` ո՞վ էր հարց տվողը: Հարությունյանը պատասխանեց. «Ես՝ Վարդան Հարությունյանը»:
Պատգամավորն ասաց, որ փաստեր կտրամադրի:
Քննարկումները այս դեպքից հետո թեժացան, անգամ անցան գոռգոռոցների: Հանձնաժողովի նախագահ, նիստը վարող Խոսրով Հարությունյանը Բագրատյանին խնդրեց չբորբոքվել և քննարկումները հանգիստ մթնոլորտում շարունակել: