Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը։
Այսօր լրագրողները ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նման քայլերով ստացվում է, որ իրավապահ մարմինները ծառայություններ են մատուցում Փաշինյանին, չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը չի խառնվում իրավապահների գործերին:
Ի պատասխան Ռուստամյանը նշեց, որ ինքը Փաշինյանի հայտարարության հակառակն է տեսնում.«Երևանի ավագանու ընտրություններից, երևում է, մենք դասեր չքաղեցինք: Երբ ասացինք` դուք որպես ո՞վ էիք հանդես գալիս, երբ հանրահավաքի հարթակից ասում էիք մարդկանց պետք է փռել ասֆալտին: Պարզվում է` այդ դիտողությանը ուշադրություն չդարձնելով` հիմա էլ ԱԱԾ-ին, ռազմական հակահետախուզությանն են ներգրավվում, որպեսզի գործ սկսեն ու դավաճաններ գտնեն: Այս իբրև թե կան մի խումբ մարդիկ, որոնք դավաճանության ճանապարհն են ընտրել»:
Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը նաև դաշնակցականներին է նկատի ունեցել` Ռուստամյանը պատասխանեց, որ եթե իրենց նկատի չի ունեցել Փաշինյանը, ուրեմն` պետք է հասցեավորված իր հայտարարությունն անի: «Այս անհասցե մեղադրանքները տեռորի մթնոլորտ է առաջացնում, մի վիճակ, որտեղ անհավասար պայմանների մասին կարելի է խոսել, ինչպես նաև վարչական ռեսուրսի չարաշահման մասին: Ես դեժավյու եմ ապրում. 90-ականներին ես հետապնդվել եմ հայրենիքին դավաճանելու հոդվածով: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրն է: Ինձ էլ այն տարիներին բռնեցին, տարան, ոչ ոք չկարողացավ դա ապացուցել ու երեք մահապատիժ էին դրել ինձ վրա»,-ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով` ազատամարտիկների մեջ չի կարելի հայրենիքի դավաճաններ փնտրել: Ռուստամյանը նշում է, որ ազատամարտիկներին շնորհակալություն հայտնելու, նրանց պայմանները բարելավվելու փոխարեն, այսօր ուղղակի-անուղղակի սկսում են նրանց մեղադրանքներ ներկայացնել: «Ինչպես կարելի է ասել` թալան է եղել, այս է եղել, այն է եղել: Հասկացանք: Թալանչիներին բռնեք, բայց ամբողջ բանակը դնել կասկածի տակ, սխալ է, և սրա մասին է ասում Հրանտ Մարգարյանը` կոնկրետ անձանց մասին խոսեք, թե թալանչիներն ովքեր են: Գնացեք թալանչիների ձեռքերը բռնեք, մենք էլ ձեզ հետ պատժենք այդ մարդկանց: Մինչ այս շատ ընդհանուր է խոսվում, թող կոնկրետ մարդկանց անուններ տան»,-ասաց Ռուստամյանը:
Նկատառմանը, թե, օրինակ, Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցված, Ռուստամյանը պատասխանեց, որ, այո, դրա համար էլ Գրիգորյանի համար բոլորն էլ գնացել ու քվերակել են ԱԺ-ում: «Երբ կոնկրետ անուններ չեք տալիս ու ընդհանրացնում եք, բանակի վրա ստվեր եք գցում: Մի՞թե դա պարզ չի: Դուրս է գալիս, որ ընդհանուր բոլորս բոլորիս պետք է կասկածենք: Բայց չէ՞ որ բանակում կան մարդիկ, որ թալանչիների հետ ոչ միայն կապ չունեն, այլ իրենց կյանքն են նվիրել հայրենիքի համար, ու հիմա էլ կան մարդիկ, որ կանգնած մեր սահմաններն են հսկում»,-ասաց Ռուստամյանը: