կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-08 22:19
Հասարակություն

Ն.Ս.Օ. Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը տարածաշրջանի Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ

Ն.Ս.Օ. Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը տարածաշրջանի Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ժամանակ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Ձերդ Սրբութիւն, Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Ա Պատրիարք,

Յարգարժան շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշայ Զադէ, Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ,

Ողջունում ենք Ձեզ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հերթական այս հանդիպմանը, որը հնարաւոր դարձաւ մեր հոգեւոր եղբայր ի Քրիստոս Կիրիլ պատրիարքի միջնորդական հետեւողական ջանքերի շնորհիւ: Վեց տարի է անցել այս ձեւաչափով մեր վերջին հանդիպումից, որը տեղի ունեցաւ Երեւանում 2011 թ. նոյեմբերին՝ գումարուած ԱՊՀ Միջկրօնական խորհրդի նախագահութեան ժողովի առիթով:

Մեր ժողովուրդների կեանքում բաղձալի խաղաղութեան հաստատման յոյսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին` քննարկելու ուղիները, որոնցով հոգեւոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը:

Այսօր, ցաւօք, զգալի չեն ներդրուող ջանքերի արդիւնքները, սակայն շատ աւելի մեծ եւ առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցութեան այս փնտրտուքի մէջ:

Այս առումով դրական արդիւնքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպուող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից:

Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդիւնքում կատարուող յայտարարութիւնների, հոգեւոր առաջնորդներիս կոչերի եւ պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարուած մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհուել զինուորներ եւ երբեմն նաեւ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Յատկապէս մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչութեան թիկունքում պատսպարուելու եւ այն միտումնաւոր թիրախի վերածելու դէպքերը:

Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինութեան վերաբերեալ յայտարարութիւնները: Այս ամէնը մեծապէս վտանգում է փոխվստահութեան եւ փոխըմբռնողութեան ոգու մթնոլորտի ձեւաւորմանն ուղղուած ջանքերը եւ, սասանելով արդէն իսկ փխրուն հրադադարը,

վերափոխում հակամարտութեան ուժգնացման մի նոր իրողութեան, որին ականատես դարձանք 2016 թուականի ապրիլին, երբ ադրբեջանական զինուած ուժերի կողմից սանձազերծուեցին լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ: Ամէնքիս յայտնի է այդ օրերի ժամանակագրութիւնը, փաստագրուած նաեւ միջազգային հանրութեան կողմից, մարտի դաշտում զոհուած զինուորների, ինչպէս նաեւ խաղաղ բնակչութեան նկատմամբ կատարուած խոշտանգումները, վայրագութիւններն ու բռնութիւնները, պատճառուած կորուստներն ու աւերները:

Մտաբերելով այս դէպքերը` բնական հարց է ծագում` ինչպէ՞ս կարող են պահպանուել իրավիճակի կայունութիւնը ու խաղաղութիւնը, երբ այդ ուղղութեամբ գործադրուող ջանքերը միակողմանի են: Ինչպէ՞ս կարող ենք հասնել խաղաղութեան, երբ ջանք եւ միջոց չի խնայւում բոլոր հնարաւոր եւ անհնարին ճանապարհներով սեփական բնակչութեան մէջ ատելութիւն ու թշնամանք սերմանելու հարեւան հայ ժողովրդի նկատմամբ, իսկ հայկական կողմի եւ միջազգային հանրութեան արդարացի եւ օբյեկտիւ գնահատականները հակադարձելու անհիմն մեղադրանքներով:

Մեր տարածաշրջանում խաղաղութիւնն այլընտրանք չունի, ինչպէս եւ` ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը` բացառապէս բանակցութիւնների միջոցով: Այլընտրանք չունի նաեւ Արցախի մեր հաւատաւոր ժողովրդի ազատ եւ անկախ կեանքը:

Այսօր հրամայական է, որ կամք եւ յանձնառութիւն դրսեւորուի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթութեան մէջ եւ կասեցնելու հրադադարի խախտման դրսեւորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները եւ այլեւս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինուորագրուած զաւակների կեանքը: Իւրաքանչիւր փամփուշտ, որ արձակւում է Աստծոյ արարածի դէմ, նաեւ Աստծոյ դէմ է:

Այստեղ ենք մենք տեսնում մեր` հոգեւոր առաջնորդներիս առաքելութիւնը` յորդորելու եւ պատգամելու, մեր լծակիցների հետ մէկտեղ ձեւաւորելու այն գիտակցութիւնը եւ փոխըմբռնման ու հանդուրժողականութեան մթնոլորտը, որոնց պայմաններում հնարաւոր պիտի դառնայ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի առաջխաղացումը: Միեւնոյն ժամանակ մեր հանապազ յորդորը պէտք է բերենք զինուորականներին պահպանելու հրադադարը եւ խուսափելու սադրանքներից:

Մենք մեծապէս կարեւորում ենք միջազգային հանրութեան դերակատարութիւնը, մասնաւորապէս` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելութիւնը հակամարտութեան շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառման եւ սահմանային միջադէպերի հետաքննութեան հարցում: Մեր երախտագիտութիւնն ենք յայտնում Կիրիլ Ա Պատրիարքին եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ հակամարտութեան առաջին իսկ օրուանից դրսեւորած սրտացաւութեան եւ միջնորդական ջանքերի համար,

Աստծուն հաճելի են արդարութեան եւ խաղաղութեան ճանապարհներով ընթացողները, որովհետեւ այդտեղ է Նրա սէրն ու օրհնութիւնը, հովանին ու ողորմութիւնը, ինչպէս Ս. Գիրքն է ասում. «Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակ. Գ 18): Ուստի մէկտեղենք մեր ջանքերը ու միասնաբար ընթանանք այդ ճանապարհներով: Այս գործընթացի մէջ պատասխանատուութիւն ունենք ամէնքս:

Մեր աղօթքն ենք բարձրացնում առ Բարձրեալն Աստուած եւ հայցում, որ օրհնի եւ արդիւնաւորի բոլոր անհատների, հասարակական կառոյցների ու

կազմակերպութիւնների այն նախաձեռնութիւնները, որոնք ուղղուած են ազգամիջեան յարաբերութիւնների վերականգնմանը, համերաշխութեան զօրացմանը եւ փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորմանը: Թող Բարձրեալի օրհնութեամբ աշխարհում եւ մեր ժողովուրդների կեանքում միշտ գերակայի հաշտութեան ոգին եւ պտղաբերի փոխըմբռնումն ու բարի կամեցողութիւնը: