կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-23 15:47
Հասարակություն

Աշտարակի ավագանին բոյկոտեց նիստը

Աշտարակի ավագանին բոյկոտեց նիստը

Աշտարակում կառուցվող սպորտդպրոցին հարակից հողամասում գազալցակայան կառուցելու մասին խոսում է ամբողջ Աշտարակ քաղաքը: Այդ հողակտորը` մոտ 1300 քմ տարածքով, դեռևս մայիսին քաղաքի ավագանու անդամները թույլ չէին տվել աճուրդի հանել` 7 կողմ և 7 դեմ  ձայներով:

 

Սակայն  ավագանու այսօրվա նիստում այդ հողակտորն օտարելու հարցը կրկին օրակարգում էր: Քաղաքապետ Արմեն Անտոնյանը ներկայացրեց, որ ութ հարց է քննարկվելու, որոնցից մեկն էլ` մի քանի գույքերի օտարման վերաբերյալ: Ավագանու անդամներից մեկն առաջարկեց հարցը հանել օրակարգից, սակայն դրան կողմ էին միայն 5 հոգի: Մյուսները ցանկանում էին քննարկել հարցը և քվեարկության դնել:

 

Այս և օրակարգի վերաբերյալ մի շարք հարցերի քննարկումը դեռևս չավարտված` ավագանու անդամների մեծամասնությունը դուրս եկավ դահլիճից: Որևէ այլ հարցի վերաբերյալ քվեարկությունն անհնարին էր` քվորում չէր ապահովվում:

 

Այդ պահին ավագանու մեկ այլ անդամ դժգոհեց, թե, բանուգործ թողած, նիստի է եկել, ինչին էլ քաղաքապետը հակադարձեց, թե` թեկնածությունդ չդնեիր` ավագանու անդամ դառնալու համար, եթե «հազար ու մի գործ կար»:

 

Ավագանու մեծամասնությանը մի քանի րոպե սպասելուց հետո քաղաքապետը զայրացավ և նիստն ավարտված համարեց:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ավագանու անդամ Կարեն Շահազիզյանը հայտնեց, որ  վերոնշյալ հողակտորում գազալցակայանի կառուցումը կարող է անվտանգության մեծ խնդիր առաջ բերել, քանի որ մոտակայքում սպորտդպրոց, բանկ և բնակելի տներ կան: Այդ հողակտորի օտարումը և այնտեղ այլ կառույցի շինարարությունը խոչընդոտ է դառնալու նաև սպորտդպրոցի համար:

 

Իսկ քաղաքապետ Արմեն Անտոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում պնդեց, որ ավագանու անդամի խնդիրը չէ գնահատել, թե արդյո՞ք թույլատրելի է այս կամ այն տեղում որևէ բան կառուցելը: Ըստ նրա` կան համապատասխան գերատեսչություններ, օրինակ` քաղաքաշինության և բնապահպանության նախարարությունները, որոնք էլ գնահատում են, թե որ վայրում ինչ տիպի կառույց կարելի է կառուցել, շահագործել:

 

Նշենք նաև, որ, մամուլի հրապարակումների համաձայն, գազալցակայան կառուցելու հարցում շահագրգռված է Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը:

 

Մանրամասները` առաջիկայում: