Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև 2025 թվականը երկրում գործող ձեռնարկությունների մոտ 10 տոկոս ավելացում և Երևանից դուրս 60 000 աշխատատեղերի ստեղծում կապահովենք. ԱԺ նիստում ելույթ ունենալով` ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա նշեց նաև, որ նախատեսում են մինչև 2025 թվականը չունենալ տարածք, որի ՀՆԱ-ն պակաս կլինի միջին հանրապետականից:
Լոքյանն ասաց նաև, որ կառավարությունն ընդունել է տարածքային կառավարման զարգացման ռազմավարություն, որումղ հստակ չափորոշիչներով նշված է` ինչ անելիքներ ունեն մարզերի համաչափ զարգացումն ապահովելու համար:
«Իսկ թե ինչ է արվել այս գործողություններն ընթացքի մեջ դնելու համար, կարող եմ ասել, որ արդեն սկսված է պետբյուջեի, միջազգային կազմակերպությունների նմանատիպ ծրագրերի իրականացումը: ԵՄ-ի աջակցությամբ 10 ծրագիր ենք սկսել Սյունիք, Արարատ, Վայք, Նոյեմբերյան մարզերում, որտեղ կստեղծվեն ձեռնարկություններ, որոնք շուրջ 2000 աշխատատեղ կապահովեն: Խոշորածավալ ծրագիր է ստեղծվել Տավուշի մարզում, որի արդյունքում 2017-ին 40 ծրագիր կիրականացնենք. սառնարաններ, փոքր ջերմոցներ ուղղակիորեն կհանձնվեն շահառուներին»,- ասաց Լոքյանը:
Նա նշեց նաև, որ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման կազմակերպության օժանդակությամբ էլ լուրջ տեխնիկա են տրամադրում խոշորացվող համայնքներին: Լոքյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի պետբյուջեից կամ պահուստային ֆոնդից շուրջ 5 մլրդ դրամի ուղղակի մրցակցային դրամաշնորհներ կտրամադրվեն այն համայնքներին, որոնք լավագույն ծրագրերը կառաջարկեն: «Առաջիկայում ստեղծվում է համայնքների համաչափ զարգացման ազգային ռազմավարության իրականացման ազգային խորհուրդ` վարչապետի գլխավորությամբ: Ըստ այդմ` բոլոր նախարարություններն այս կամ այն տարածքում իրենց իրականացնելիք ծրագրերը պետք է համաձայնեցնեն այդ խորհրդի հետ, որպեսզի այն ապահովի զարգացում, տարածքը դարձնի գրավիչ և տարածքում կարողանա բիզնեսը զարգանալ»,- ասաց Լոքյանը:
Ըստ նախարարի` յուրաքանչյուր տարվա վերջում իրենք պետք է ԱԺ-ում, կառավարությունում և ժողովրդի առջև հաշվետու լինեն:
Լոքյանը ևս մեկ խնդրի անդրադարձավ` ՀՀ-ում գործող դեպրեսիոն տարածքներին, որոնք եկել են Սովետական միությունից և չունեն հողային տարածքներ, կորցրել են արտադրական կարողությունները: «Նման տարածքների թիվը բավականին մեծ է` 50-ի է հասնում, և այս համայնքների համար մենք առանձնահատուկ ծրագիր ենք ստեղծում: Դա, օրինակ, Պեմզաշեն համայնքն է կամ Վահագնաձոր կայարանը, որոնք կորցրել են իրենց նախկին ֆունկցիոնալ նշանակությունը»,- ասաց նա:
Լոքյանը նշեց, որ իրենց ռազմավարության կարևորագույն ծրագրերից մեկը բազմաբևեռ երկիր ունենալն է: Ըստ նրա` ամեն ինչ կենտրոնացրել ենք Երևանում, և երկրում հարկվող ամբողջ եկամտահարկի` 280 մլրդից 240-ը գանձվում է Երևանում: «Սա խոսում է այն մասին, որ մենք լուրջ անհավասարաչափություն ունենք: Սա մեղմելու համար էլ մենք ունենք բևեռային քաղաքների ծրագիր, որի մեկնարկը կտրվի հենց այս տարի Վայքից, որին կհաջորդեն Գյումրին, Վանաձորը, Սևանը, Ստեփանավանը: Այս ծրագրի համար պետությունը նախատեսում է շուրջ 51 մլն-ի ներդրումներ, որը պետք է տվյալ տարածքի համար դառնա փոքր մեգապոլիս, որտեղ պետք է տարածքի բնակչությունը կարողանա իր խնդիրները լուծել և իր ապրանքը սպառել»,- նշեց նախարարը:
Ըստ Լոքյանի` կարող է հարց առաջանալ, թե որտեղի՞ց են սկսելու մարզերի անհամաչափ զարգացման դեմ պայքարը, և նա վստահեցրեց, որ ունեն հստակ չափորոշիչներ` տարածքի ՀՆԱ-ն, տնտեսական ակտիվությունը, ենթակառուցվածքների բնույթը, միգրացիան... Եվ հենց այս սխեմայով, նրա հավաստմամբ, ընտրելու են` Ամասիայո՞ւմ է լինելու առաջին ներդրումը, թե՞, ասենք, Սիսիանում: