Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք կոչումներ է տվել արվեստի ոլորտի մարդկանց: Կոչումները, ինչպես միշտ, քննարկումների տեղիք են տվել` ով էր արժանի, ով` ոչ, բացի այդ` պե՞տք է վերցնեն մրցանակը, թե՞ հրաժարվեն:
Yerkir.am-ի հետ զրույցում Empyray ռոք խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը նշեց, որ կոչում ասվածը մի քիչ սովետական տարրեր ունի իր մեջ: Ըստ նրա` արվեստագետի առաքելությունն այն չէ, որ ընկնի կոչումների հետևից, այլ նա իր գործը պետք է անի` անկախ ամեն ինչից: Արվեստագետը, Պալյանի համոզմամբ, պետք է անի այն, ինչ իր հոգուց է բխում:
«Մենք շատ լավ գիտենք, թե մեր երկրում ինչպես են մրցանակներ ու կոչումներ տալիս` ոչ միայն արվեստի ասպարեզում: Շատ մարդիկ ուղղակի իրենց տեղում չեն: Չեմ կարծում, որ կոչում չունենալը նշանակում է, որ դու վատ մասնագետ ես, կամ ունենալը փաստում է այն մասին, որ դու, միանշանակ, լավ մասնագետ ես: Տվողը երևի իր գնահատականն է փորձում ցույց տալ, իսկ վերցնողն էլ չի կարող հրաժարվել, քանի որ տվողները կարևոր մարդիկ են իր կարիերայի համար: Կոչումը մի քիչ էլ ծիծաղելի բան է ինձ համար, բայց դրանով ոչ մի հարց այլ հարթության մեջ չի դրվում: Ուղղակի համերգների ժամանակ կհայտարարվի` այժմ ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ այսինչը»,- ասաց նա:
Հարցին, թե այս կամ այն կոչումով բոլորին նույն հարթության վրա դնելը որքանո՞վ է ճիշտ, Պալյանը պատասխանեց, թե ամեն ժամանակ իր հերոսն ունի, և կան մարդիկ, ովքեր ժամանակից դուրս են, բայց կան մարդիկ, ովքեր մեր օրերի, հենց այդ պահի «հերոսն» են: «Օրինակ` Շառլ Ազնավուրը, Տիգրան Մանսուրյանը մարդիկ են, ովքեր ժամանակից դուրս են ապրում, և նրանց ամեն տարի կարելի է կոչում տալ` անկախ նրանից` այդ տարի նոր ստեղծագործություն գրե՞լ են, թե՞ ոչ: Ես միշտ քննադատորեն եմ մոտեցել շատ հարցերի, բայց վերջերս հասկացել եմ, որ յուրաքանչյուր ոք իր ձևով է փորձում վարվել: Օրինակ` եթե ես լինեի մրցանակ տվողը, շատ մարդկանց ուղղակի չէի տա մրցանակներ: Բայց կա օբյեկտիվ մոտեցում, թե ով պետք է ստանա մրցանակ կամ կոչում, և ժողովրդական արտիստ պետք է համարվի նա, ով արվեստի ասպարեզում մեծ ձեռքբերում ունի, իսկ վաստակավոր, ինչպես բառի արմատն է հուշում, նա, ով իր ժողովրդի մշակութային կյանքում վաստակ ունի: Եթե այս տեսանկյունից դիտարկենք դեպքերը, ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա: