կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-29 15:40
Հասարակություն

Պետք չէ այսօր բոլորին ներքաշել այս իրավիճակի մեջ. Մովսես Հակոբյան

Պետք չէ այսօր բոլորին ներքաշել այս իրավիճակի մեջ. Մովսես Հակոբյան

Սահմանին իրավիճակը մնում է կայուն, կա որոշակի լարվածություն, բայց դա որևէ մտահոգություն չի առաջացնում. հայկական զինված ուժերը սահմանին լիարժեք վերահսկում են իրավիճակը և իրականացնում իրենց առջև դրված պահանջը. այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալարանում լրագրողներին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նոր փոփոխությունը, համաձայն որի` Արցախի պաշտպանության նախարարության կողմից սահմանային իրավիճակի մասին տեղեկատվությունն այլևս ամեն օր չի հրապարակվում, այլ` մեկ շաբաթվա կտրվածքով` ամփոփ, Մովսես Հակոբյանն ասաց. «Արցախի ՊԲ-ն որոշակի ինֆորմացիայի է տիրապետում, որը գաղտնիություն է պարունակում, խոսքը վերաբերում է կիրառվող սպառազինությունների տեսակին, կրակոցների քանակին, ուղղություններին: Մենք որևէ տեղեկություն չենք թաքցնելու հասարակությունից, զինվորի վիրավորման, զոհվելու դեպքի մասին հայտնվելու է, բայց կոնկրետ չի նշվելու` որ զորամասից է»:

Նա վստահեցրեց, որ նման կերպ տեղեկությունը հասարակության շրջանում խուճապ չի առաջացնելու: «Ամեն առավոտ, երբ գնում եմ աշխատանքի, կարդում եմ սահմանային իրավիճակի վերաբերյալ կայքերում հրապարակված ինֆորմացիան: Այնպիսի տպավորություն եմ ստանում ճանապարհին, թե պատերազմը սկսվեց: Ինձ` որպես զինվորականի, թվում է, թե ես բանակից չեմ և իրավիճակին չեմ տիրապետում, ուր մնաց հասարակ քաղաքացու վիճակը, ում տղան ծառայում է զինված ուժերում. պատկերացրեք, թե ինչպիսի իրավիճակ է տիրում այդ ընտանիքում, երբ կարդում են այդ ինֆորմացիան: Մեր պետության մեջ համարյա ընտանիք չկա, ում հարազատը կամ զավակը չծառայի, և պետք չէ այսօր բոլորին ներքաշել այս իրավիճակի մեջ»,- ասաց Մովսես Հակոբյանը և հավելեց. «Տեղեկատվական պատերազմում չենք համեմատվում հակառակորդի հետ, անելու ենք այն, ինչ որոշում ենք, հետո կերևա` ով էր ավելի ճիշտ»: