Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԿԸՀ մամուլի կենտրոնում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը: Նա նշեց, որ ընտրության կարգն արմատապես փոխվել է: ԿԸՀ-ն աննախադեպ քանակի նյութեր, տեսահոլովակներ է պատրաստել թե' ընտրողների, թե' դիտորդների, թե' հանձնաժողովի անդամների համար, որ քվեարկության կարգը պարզ լինի, և եթե ընտրողը ցանկություն ունենար քվեարկության կարգին ծանոթանալ, ապա հնարավորությունները շատ էին: Անձը ներկայանում է տեղամաս` անձը հաստատող փաստաթղթով` նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր կամ հին նմուշի անձնագիր: Անձը պետք է ներկայանա վավերականության ժամկետում գտնվող անձնագրով:
Մատնահետք հանձնելիս հանձնում է աջ ձեռքի ցուցամատը, եթե դա հնարավոր չէ, ապա ձախ ձեռքի ցուցամատը կամ միջնամատը: Սմբատյանը շեշտեց, որ մատնահետք հանձնելը պարտադիր է, և որ ընտրողը չի կարող իր քմահաճույքով ընտրություն կատարել` առանց մատնահետքի: Մատնահետքից հետո սարքը անմիջապես տպում է քվեարկության կտրոնը: Ընտրողը քվեարկության կտրոնը ձեռքին մոտենում է հանձնաժողովի այն անդամին, ով գրանցում է ընտրողներին, ցուցակում իր անվան դիմաց ստորագրում է, ստանում է ինը քվեաթերթիկ: Սմբատյանը շեշտեց, որ ընտրողը պարտադիր պետք է ինը քվեաթերթիկ վերցնի և մեկ ծրար:
Ընտրախցում քվեաթերթիկներից միայն մեկն է ընտրում, մնացած ութը գցում է քվեախցի արկղի մեջ: Ընտրում է կուսակցությանը, ընտրողին իրավունք է տրված ընտրել նաև վարկանիշային ցուցակի որևէ թեկնածուի, դա նրա ֆակուլտատիվ իրավունքն է: Ընտրած քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ, քվեաթերթիկը պետք է ծրարի մեջ դրվի առանց ծալելու: Կտրոնը չպետք է կորցնել կամ գցել արկղի մեջ, դա պետք է վերադարձնել հանձնաժողովի անդամին` քվեատուփի մոտ:
Եթե ընտրողը կտրոնը չի վերադարձնում, ապա հանձնաժողովի անդամը չի կարող ինքնասոսնձվող դրոշմանիշ դնել ծրարի վրա, և ընտրողը կզրկվի քվեարկելու հնարավորությունից: Տեխնիկական խնդրով պայմանավորված` քվեարկության երկրորդ փորձը կարող է բերել վատ հետևանքի, որովհետև կարմիր լույս կվառվի, որը կրկնակի քվեարկության փորձի մասին կազդարարի:
Արմեն Սմբատյանը նշեց, որ հանրապետության 1997 տեղամասերից միայն մեկ տեղամասում է, որ սարքը չի աշխատել, և քվեարկությունը ուղեկցվել է առանց սարքի: Սարքի հետ կապված` ևս 30 տեղամասերում եղել են անսարքության պահեր, որոնք ուղղվել են: