Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հավատանք, որ պետք է լավ լինի, քանի որ յուրաքանչյուր փոփոխություն հույս է ծնում. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` խոսելով մշակույթի նախարարի փոփոխության մասին:
Ըստ նրա` մշակույթի նորանշանակ նախարարը` Արմեն Ամիրյանը, որոշակիորեն ծանոթ է գրական և երաժշտական, ինչպես նաև այլ ժանրերում տեղի ունեցող անցուդարձին, և հույս կա, որ ճիշտ ուղղության վրա կդնի մշակութային քաղաքականությունը:
«Սակայն իմ կյանքի փորձը փաստում է նաև, որ, մինչ նախարար աշխատելը, մարդն այլ է, նախարար դառնալուց հետո` այլ: Ամիրյանը հիմա պետք է ռեալ մեր ժողովրդի իրավիճակը գնահատի և, ըստ այդմ, որոշի` մշակույթի որ ճյուղերի վրա պետք է շեշտը դրվի: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ են մշակութաիմաց աշխատողներ, որոնք գիտեն` ինչ պետք է անեն, այլ ոչ թե զուտ կատարողներ լինեն: Մշակույթը մի ասպարեզ է, որտեղ անհատները մեծ դեր են կատարում»,- ասաց Միլիտոնյանը:
Ինչ վերաբերում է գրական կյանքում խնդիրների լուծմանը, ապա, ըստ նրա, նախ անհրաժեշտ է մեր ժամանակակից գրողների գործերը թարգմանել, քանի որ մարդկանց հետաքրքրում է Հայաստանի այսօրը:
ՀԳՄ նախագահի խոսքով` մինչ այժմ, ցավոք, մշակութային մակարդակը չենք կարողացել համապատասխան ձևով մատուցել, և ժամանակակիցներին ճանաչելի դարձնելու փորձերը թիթեռնիկի թեթև թռիչների են հիշեցրել: «Եթե սրանից հետո էլ մշակութային բյուջեն չպետք է կարևորվի այնքան, որ դառնա ռազմավարական, նորից մենք նույն տեղում կդոփենք: Մշակույթը հզոր ուժ է, ժողովրդին սոսնձողը հենց մշակույթն է, և որևէ նախարար ի վիճակի չէ միայնակ որոշել` ինչ պետք է արվի: Պետք է ուժեղ անհատականությունների մտքերը փորձեն ի մի բերել»,- ասաց Միլիտոնյանը: