Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հունվարի 10-ին վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության դեմ:
Yerkir.am-ին Արմենուհի Ղազարյանը հայտնեց, որ իր պահանջն այն է, որ առոչինչ ճանաչվի «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, քանի որ նշված կուսակցությունը հիմնադիր համագումար չի արել, և այդ կանոնադրությունը համագումարով չի հաստատվել: Պահանջում է նաև պետական ռեգիստրում ՀՎ-ի գրանցումը, որպես կուսակցություն, ճանաչել առոչինչ:
Մեր զրուցակցի խոսքով`2016 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած հիմնադիր համագումաաը ոչ թե եղել է «Հայկական վերածնունդ միասնություն» կուսակցության հիմնադիր համագումարը, այլ` «Հայկական վերածնունդ» կուսակցության: Ըստ նրա` սրանք տարբեր բաներ են, և դատարանը չի կարող հաշվի չառնել դա:
Ղազարյանի կարծիքով` Արթուր Բաղդասարյանը սովորական խաբեբա է: «Մարդուն ճանաչելու համար նրա կողքին պետք է լինես: Շատ կուսակցություններ համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ: Երկիրը գտնվում է շատ ճգնաժամային վիճակում: Ուզում էինք օգտակար լինել ամբողջ ժողովրդին, այդ նկատառումներով բոլորս գնացինք այդ քայլին, համախմբվեցինք այդ գաղափարի, այլ ոչ թե Արթուր Բաղդասարյանի անձի շուրջ: Հետո պարզ դարձավ, որ այնտեղ ոչ մի գաղափար էլ չկա, այլ միայն անձի պաշտամունք է»,- շեշտեց նա` հավելելով, որ Արթուր Բաղդասարյանը խաբել է ժողովրդին, հատուկ հրահանգով նպատակ է ունեցել համախմբել այդքան կուսակցություններ` քաղաքական դաշտը մաքրելու համար:
Ղազարյանը նշեց նաև, որ Արթուր Բաղդասարյանը ՀՎԿ նախագահ է ընտրվել` լինելով Ագրարային կուսակցության անդամ, բացի այդ` ՕԵԿ-ը ևս չի լուծարվել, ոչ էլ` վերակազմավորվել, ստացվում է` Արթուր Բաղդասարյանը և' ՕԵԿ-ի նախագահն է, և' ՀՎԿ-ի և Ագրարային կուսակցության անդամ:
Ըստ Ղազարյանի` իր օրինակին են հետևել նաև շատ անհատներ, կուսակցություններ ու ՀԿ-ներ, որոնք իր նման հավատացել էին Բաղդասարյանին: ««Միավորված հայեր»-ից կոնկրետ Ռուբեն Ավագյանը զանգահարեց` շնորհավորելու ինձ, և տեղեկացրեց, որ ամսի 9-ին արդեն դուրս է գալու այդ կազմից: Նույն այդ կուսակցության անդամ, փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը դիմում է գրել Արթուր Բաղդասարյանին և խիստ մոտեցումով ասել, որ այնտեղ խիստ անձի պաշտամունք է, և դուրս է եկել: «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցությունն էլ դուրս կգա, և այսպես` շատերը»,- ասաց նա:
Դատից ունեցած իր ակնկալիքների մասին Արմենուհի Ղազարյանը նշեց, որ դա ցավոտ հարց է, գործը վարույթ ընդունելու մասին կիմանանք ամենաուշը երեքշաբթի օրը: «Այն վիճակին ենք հասել, որ… Դատավորն էլ հայ է, և կարծում եմ` պետք է մտածի, որ այս թափթփուկներից անհրաժեշտ է մաքրել երկիրը, մաքրենք և բարեկեցիկ կյանքով ապահովենք այս ժողովրդին, ակնկալիքս սա է»,- եզրափակեց մեր զրուցակիցը: