Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, լրագրող և հոդվածագիր` ազգությամբ հայ Էթիեն Մահչուփյանը «Մահվան վախը և ազգայնականությունը» հոդվածում անդրադարձել է Թուրքիայի կրթական համակարգի իսլամականացված լինելուն և կրթական համակարգի զարգացման առումով օրինակ բերել Հայաստանի փորձը:
Karar կայքում հրապարակած իր հոդվածում Մահչուփյանն առանձնապես շեշտել է Հայաստանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ու UWC միջազգային քոլեջը:
Նրա խոսքով՝ առաջին հայացքից տրամաբանական կարող է թվալ, որ գլոբալիզացիան ձեռնտու է մեծ պետություններին, քանի որ նրանք դրա միջոցով կարողանում են մեծացնել իրենց ազդեցության գոտիները: Սակայն, Մահչուփյանի կարծիքով, այսօր գլոբալիզացիայի ձգտող մեծ պետությունները Մերձավոր Արևելքում հրահրած քաոսը չեն կարողանում կառավարել: Իսկ այդ շրջաններից դուրս եկող մարդիկ կարողանում են խախտել մեծ ուժերի կողմից պահպանվող աշխարի անդորրը:
«Սխալ կլինի ասել, որ այս նոր իրավիճակը փոքրերի համար միայն հակամարտությունների ու պատերազմների տեսանկյունից է օգտակար, քանի որ այսօր փոքր երկրների առջև խաղաղության և կայունության շնորհիվ մեծ հորիզոններ են բացվում: Այս առումով լավ օրինակ է մեր օրերում ամենաշատ խոչընդոտներով շրջապատված երկրներից մեկը՝ Հայաստանը: Իր շուրջ գրեթե ոչ մի վստահելի բարեկամ չունեցող, Ռուսաստանից չափից ավելի կախում ունեցող, երերուն տնտեսությամբ, նվազող բնաչկությամբ, ժողովրդավարության մշակույթի մեջ շատ բացթողումներ ունեցող մի հասարակություն…, սակայն աշխարհում գոյություն ունեցող 16 UWC (United World Colleges) քոլեջներից մեկը Հայաստանի Դիլիջան քաղաքում է»,- գրել է Մահչուփյանը՝ նշելով, որ այնտեղ անգլերեն լեզվով բարձրորակ կրթություն է ստանում աշխարհի 73 երկրից մոտ 200 աշակերտ, որոնցից 6-ը Թուրքիայից են:
Այնուհետև նա օրինակ է բերել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ նշելով, որ այստեղ 12-18 տարեկան 350 երեխա տարբեր ոլորտներում ստեղծագործական միտքը զարգացնող, այդ թվում` երգ ու երաժշտության կուրսեր են անցնում:
«Յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է մեկ համակարգիչ, և նրան հետաքրքրող բնագավառի համաձայն` կուրսեր են տրամադրվում: Ուսուցիչների խումբը հետևում է նրանց և հմտացողներին ներառում աշխատանքային խմբերում: Երեխաների կողմից ստեղծված աշխատանքները ու նախագծերը աջակցություն են ստանում կենտրոնի կողմից և դուրս բերվում «միջազգային հարթություն»: Կարիք չկա ավելացնելու, որ ամեն տարի այստեղ են այցելում և աշխատանքներին մասնակցում բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ…»,- նշում է Մահչուփյանը, որի կարծիքով` այս ամենը «Հայաստանի շնորհքը չէ, այլ հզոր սփյուռքի միջազգային մակարդակի կապերի:
Հոդվածի վերջում նա, այնուամենայնիվ, նշել է, որ Թուրքիան փոքր երկիր չէ և ունի ապագայի մեծ ներուժ: «Այնուհանդերձ, նորը կառուցելու և դրան հավատալու հարցում մեծ թերություններ ունենք, քանի որ մենք դեռևս վախենում ենք ազատ քաղաքացուց և ապրում ենք օրինակելի քաղաքացու երազանքով»,- եզրափակում է Մահչուփյանը: