կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 11:59
Քաղաքական

Ի՞նչ անենք` իշխանության մաս է եղել. Տիգրան Կարապետյանը ևս կմիանա Սեյրան Օհանյանին

Ի՞նչ անենք` իշխանության մաս է եղել. Տիգրան Կարապետյանը ևս կմիանա Սեյրան Օհանյանին

Քաղաքական դաշտում շարունակվում են, այսպես ասած, պատրաստությունները ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին: Սեյրան Օհանյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալն ամենաուշագրավների թվում է: Նրա հայտարարությունից հետո որոշ հին ու նոր քաղաքական գործիչներ ցանկություն են հայտնում միանալու նրան:

Yerkir.am-ին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ ինքը ևս պատրաստվում է միանալ Սեյրան Օհանյանին: Ըստ նրա` զարմանալի ոչինչ չկա, որ Օհանյանը մտել է քաղաքական դաշտ: «Հիմա մարդ է` գնացել է քաղաքական դաշտ, ի՞նչ կա դրանում զարմանալի: Արցախի հերոս է, լուրջ մարդ է, ազնիվ մարդ է: Ես համարում եմ, որ վաղուց պետք է մի լիդեր լինի, առաջնորդ, որի շուրջ կհամախմբվի ժողովուրդը, նոր մարդ, նոր դեմք: Քաղաքական դաշտն արդեն նույն մարդկանց վերարտադրումն է»,- ասաց Կարապետյանը:

Մեր դիտարկմանը` Սեյրան Օհանյանն էլ նոր դեմք չէ քաղաքականության մեջ. մոտ 10 տարի նախարար է եղել, Կարապետյանն արձագանքեց, թե քաղաքական դաշտում նոր դեմք է, քաղաքական դաշտում նա չի եղել, քաղաքականությամբ չի զբաղվել, պաշտպանության նախարար է եղել:

ԺԿ ղեկավարի խոսքով` նորմալ է, որ իշխանությունից դուրս գալուց հետո է Օհանյանը խոսում իշխանության թերությունների մասին: «Հարցը նրանում է, որ իշխանությունից դուրս չգան ու խոսեն, բա որտեղի՞ց խոսեն: Դանակը հասել է ոսկորին»,- շեշտեց նա:

Դիտարկմանը` չէ՞ որ նա մասն է եղել այդ իշխանության և բոլոր թերությունների կրողը, Կարապետյանը պատասխանեց. «Ի՞նչ անենք` մասն է եղել այդ իշխանության, հիմա որևէ մեկը կա՞, որ իշխանության մեջ չի եղել, բացի ինձանից: Րաֆֆի Հովհաննիսյանը նախարար է եղել, Տեր-Պետրոսյանը նախագահ է եղել, Վարդան Օսկանյանը նախարար է եղել... Այստեղ զարմանալու բան չկա, ես անբարոյական չեմ համարում դա»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է այն շրջանառվող խոսակցություններին, որ Սեյրան Օհանյանը կապ ունի մարտի 1-ի դեպքերի հետ, Կարապետյանը նշեց, որ ինքը չի կապում:

Հարցին` Սեյրան Օհանյանի մեղքը տեսնո՞ւմ է ապրիլյան պատերազմի սխալներում, նա պատասխանեց. «Այնպես չէ, որ նախարարն է մեղավոր, դա քաղաքական որոշում էր: Բայց, իհարկե, տեսնում եմ Օհանյանի մեղքը ապրիլյան պատերազմի սխալներում: Մեղք բոլորս ունենք: Իսկ ի՞նչ է, եթե պատերազմ է, ուրեմն մեղքը մեր կո՞ղմն է»: