կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 12:32
Առանց Կատեգորիա

Իսկ ո՞վ չի հայհոյում ադրբեջանցիներին

Իսկ ո՞վ չի հայհոյում ադրբեջանցիներին

Հայ-ադրբեջանական սահմանին անցած օրերին տեղի ունեցավ մի բան, որի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել: Դերասան Վարդան Պետրոսյանը գնացել էր առաջին գծում ծառայող տղերքին այցելության: Այն պահին, երբ նրանցից մեկի հետ կանգնած զրուցում է, ադրբեջանական կողմից կրակում են: Հետո Վարդան Պետրոսյանը սկսում է «հայհոյել»/ ադրբեջաներեն/` ադրբեջանական կողմին, բնականաբար: Հետո ադրբեջանական կողմը դադարեցնում է կրակը, գուցե որովհետեւ ազդվում են հայհոյանքներից` մինչեւ հոգու խորքը, եթե ունեն:

Մի խոսքով` սպասենք Մինսկի խմբի համապատասխան հայտարարությանը, որում համանախագահ երկրները կընդգծեն, որ սահմանին չեն կարելի փոխադարձ հայհոյանքները, քանի որ դրանք խորացնում են ազգամիջյան` առանց այդ էլ խորացած հակամարտությունը եւ հնարավորություններ չեն ստեղծում այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու համար: Նման մի բան: Նման մի տափակ բան:

Իրականում ես չհասկացա, թե Վարդան Պետրոսյանն ինչ է արել, ավելի ճիշտ չհասկացա, թե Վարդան Պետրոսյանն ինչ է արել, որ սահման պահող մեր տղերքը չեն անում: Միայն չասեք, որ մեր տղերքը չեն հայհոյում թշնամուն, քանի որ դա կնշանակի, որ ո'չ մեր տղերքին եք ճանաչում, ո'չ նրանց ծառայության դժվարությունները, ո'չ էլ թշնամու հոգու խորքը, եթե ունի: Այնպես որ` Վարդան Պետրոսյանը միայն արել է այն,  ինչ ամեն օր անում են սահմանին կանգնած մեր տղերքը` հայհոյել է ադրբեջանցիներին: Չհայհոյե՞ր, բա քեզ վրա կրակում են, դու պատասխան կրակոցի հրաման չունես ու չես կրակում, գոնե չհայհոյե՞ս, մարդ Աստծո, հո դու Պետրոս առաքյալը չե՞ս` Գաբրիել հրեշտակապետի դեմքով: Այս ի՞նչ համատարած բարեկրթություն է այնտեղ, որտեղ բարեկրթություն չկա ու չպետք է լինի` հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ պատերազմ է: Համենայն դեպս, այն չի ավարտվել: Գուցե մոր կամ մանկան մասին ե՞րգ երգեն, ադրբեջանցիներն էլ կուզեն, կերգեն, չեն ուզի, «զատո մենք մերն արինք ու ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե հայն ով է, ադրբեջանցին ով է»:

Եղբա'յր, ամբողջ աշխարհը, եթե նման բաներից ազդվեր, Մինսկի խումբը Տավուշի վրա ադրբեջանական կողմի բացահայտ հարձակումից հետո հայտարարություն չէր տարածի ու երկու կողմերին կոչ չէր անի պահպանել հրադադարի ռեժիմը: Ամբողջ աշխարհը խորապես թքած ունի, թե դու քանի երգ գիտես մոր եւ մանկան մասին, ու թշնամիդ քանիսը գիտի: Ամբողջ աշխարհին դու հետաքրքիր ես միայն երկու դեպքում` երբ շատ թույլ ես, որպեսզի ինչ ունես, պոկեն-տանեն, կամ էլ երբ շատ ուժեղ ես, որպեսզի հետդ լեզու գտնեն, որպեսզի իրենցից չպոկես-չտանես: Հիմա մենք ո՞րն ենք…

Իսկ Վարդան Պետրոսյանին հանգիստ թողնենք, իսկապես: Կա կարծիք, որ նա ամենեւին էլ հայ-ադրբեջանակյան առաջնագիծ չէր գնացել, այլ մի փոքրիկ ներկայացում էր, բեմադրել են, էլի: Մանավանդ այդ պարագայում բերեք հանգիստ թողնենք, իսկ եթե անգամ գնացել է առաջնագիծ ու հայհոյել է ադրբեջանցուն, ում ամեն օր ամենքս ենք հայհոյում, ապա կասե՞ք` դուք ո՞ւմ եք մեղադրում, ինչի՞ համար: Հո դուք ԵԱՀԿ Մինսկի խումբը չեք, որ տեսնեք, թե ինչպես է ադրբեջանական կողմը կրակում, իսկ հայկական կողմը միայն հայհոյում, եւ կողմերին հանդուրժողականության կոչ անեք, ավելին` հայկական կողմի ականջին շշնջաք, թե բա մի' հայհոյիր, որպեսզի հանկարծ պատերազմ չլինի: Շատ հետաքրքիր է, բա հիմա, եթե պատերազմ չէ, բա ի՞նչ է…

Լավ մնացեք ու ամեն առավոտ պառկած դիրք ընդունեք եւ մի տասը հատ «ժիմ» արեք, հա'մ առողջարար է, հա'մ էլ կուժեղանաք:

Հովիկ Աֆյան