կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 18:35
Քաղաքական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողիներին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողիներին

Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ և համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մեր ժողովուրդն իրավամբ ակնածանքով է վերաբերվում ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչներին, քանի որ դուք եք մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանը: Ձեր առաքելությունը դուք կատարում եք պատասխանատվության բարձր զգացումով և հայրենիքին անսահման նվիրվածությամբ, որը հատկապես տեսանելի է այսօր, երբ մեր երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերները թուլացման միտում չեն դրսևորում: 

Անցնող 2016 թվականն առանձնահատուկ էր մեր նորագույն պատմության մեջ: Մենք ստիպված եղանք դիմակայել մեզ անակնկալի բերելու անհաջող փորձ կատարած ոսոխին, իսկ դրանից ընդամենը ամիսներ անց հանգուցալուծել երկրի մայրաքաղաքի կենտրոնում զինված հարձակում իրականացրած և պատանդներ վերցրած հանցախմբի ստեղծած իրավիճակը:

Այս և տարվա ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների ժամանակ ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումները, իրականացնելով իրենց գործառույթները, դրսևորեցին պատրաստվածության անհրաժեշտ մակարդակ, թույլ չտվեցին, որ կատարված ոտնձգություններն ունենան անդառնալի հետևանքներ մեր պետականության և սահմանադրական կարգի համար:

Այս պայմաններում դուք նաև ամենօրյա աշխատանք եք իրականացնում փոփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելու հետ կապված միջոցառումների անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Ձեր կատարած աշխատանքը, համակարգի առջև դրված խնդիրների լուծման ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր հմտությունները վստահություն են ներշնչում, որ դուք նույն ոգով կշարունակեք մասնակցել երկրին ուղղված սպառնալիքների չեզոքացմանը, հասարակության անվտանգ ու բարեկեցիկ առօրյայի ապահովմանը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի: