Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 9-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։
Արարողությանը ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հասարակական գործիչներ, կրթության և գիտության մշակներ:
Հոգեհանգստյան կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրվա առիթով իր խոսքն է ուղղել ներկաներին.
«Մեծարգո Նախագահ ՀՀ Սահմանադրական դատարանի,
Հարգարժան ներկայացուցիչներ պետական իշխանությանց և դիվանագիտական առաքելությունների,
Սիրելի ներկաներ.
Ողջունում և Հայրապետական մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ, որ ընդառաջ Մեր հրավերին՝ եկել եք մասնակցելու հիշատակի այս արարողությանը։ Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։
Ցեղասպանությունը ծանրագույն հանցանք է՝ուղղված մարդկության դեմ, որը, ցավոք, շարունակվում է և մեր օրերում։ Մեր ժողովուրդը, դժբախտաբար, սահմանումներով չէ, որ ծանոթ է ցեղասպանությանը ու նաև՝ այդ հանցագործության ժխտողականության դառնությանը։ Ցեղասպանության վիշտը կրում են նույնպես հույն, ասորի, հրեա, եզդի մեր եղբայր ժողովուրդները, որոնց ներկայացուցիչները մասնակից են հիշատակի այս արարողությանը:
Քսաներորդ դարի առաջին կեսին հայերի և ապա հրեաների ցեղասպանությունները ահազանգ եղան ազգերի համար` ընդունելու Ցեղասպանության մասին կոնվենցիան: Կոնվենցիայի ընդունումից տասնամյակներ անց ականատես եղանք ցեղասպանությունների Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում և այլուր: Այսօր Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակներում բռնությունների և ցեղասպան գործողությունների են ենթարկվում ազգային և կրոնական փոքրամասնություններ՝ եզդիներ, քրիստոնյաներ, ինչպես և՝ մահմեդականներ:
Մենք որպես ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, նախանձախնդիր ենք աջակցելու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված մարդկության դեմ գործվող հանցագործությունների կանխմանը: Նման ոճիրների պատճառները գտնվում են նաև համընդհանուր դատապարտման բացակայության և անպատժելիության մեջ: Համընդհանուր ընդվզում և ջանքեր են պետք արմատախիլ անելու համար այսօր հաճախադեպ դարձող ազգայնամոլության դրսևորումները, կրոնական պատկանելիությամբ պայմանավորված ատելությունը, որոնք ծնունդ են տալիս իրավունքների ոտնահարման, բռնությունների և ոճիրների: Ցեղասպանությունների և նման հանցագործությունների կանխարգելումը պահանջում է միջազգային հանրության կամքը, պետությունների հստակ դիրքորոշումն ու հանձնառությունը՝ բացառելով քաղաքական նպատակահարմարությունները:
«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, և չվախենաք» (Յովհ. ԺԴ 27)։ Ս. Հովհաննես ավերտարանիչը փոխանցում է մեր Տիրոջ պատգամը, որով Տերը սփոփում է բոլոր նրանց, ում սրտերը խռովված են և ովքեր տանջվում են ամեն տեսակ փորձություններից՝ թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական։ Նրա պատգամը իրական հրավեր է մեզ բոլորիս` մասնակցելու սիրո և խաղաղության սփռման Իր առաքելությանը։ Ավելին, մենք կոչված ենք կարեկցանք և աջակցություն դրսևորելու մեր եղբայրների ու քույրերի հանդեպ, քանզի ամեն անգամ, երբ մարդկությունը լցվում է ատելությամբ, ցասումով և նախանձով՝ փոխանակ սիրո և հանդուրժողության, դառնում է անտարբեր ուրիշի ցավի և կորստի նկատմամբ, ուստի և` անուղղակիորեն աջակցում է ցեղասպանությունների իրագործմանը։
Մենք աղոթում ենք, հայցելով մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ աշխարհում խաղաղություն հաստատվի, հատկապես այնտեղ, որտեղ այժմ խաթարված է բնականոն կյանքը, ընթանում են պատերազմներ, տեղ գտնում բռնություններ: Մենք աղոթում ենք նաև մարդկության թշնամիների համար, որ իրենց ևս շնորհվի սիրո և կարեկցանքի զգացում այլոց հանդեպ։
Այսօր աշխարհի բազում անկյուններում մարդիկ հավաքվում են վկայակոչելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մենք միավորում ենք մեր աղոթքները աշխարհի բոլոր կողմերում տարբեր ազգության մեր հազարավոր քույրերի ու եղբայրների ձայնին՝ հուսալով, որ այդ ձայները, վերառաքվելով առ Բարձրյալ Տերը, իրենց արձագանքը պիտի գտնեն մարդկանց սրտերում՝ հանուն մարդկության դեմ գործված բոլոր ոճիրների ճանաչման և դատապարտման՝ ի խնդիր ցեղասպանության ահավոր ոճրի կանխարգելման և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։
Թող մեր Տիրոջ սերը, խաղաղությունն ու ողորմությունը լինեն մեզ ամենքիս հետ. ամեն։